13:55 , 1 դեկտեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Լսելու ունակություն
Խոսել գիտեն և սիրում են գրեթե բոլորը, բայց, այ, լսել՝ հաշված մարդիկ: Եթե երբևէ շփվել եք այդպիսի մարդու հետ, կհասկանաք՝ խոսքն ինչի մասին է. երբ մարդը չի էլ սպասում իր հերթին, մինչ Դուք խոսում եք, ջանք էլ չի գործադրում` մտածել Ձեր ասածի մասին:
Զրույցը, իհարկե, կարելի է շարունակել` նույնիսկ չլսելով զրուցակցին: Դժվար բան չէ. պարզապես գլխով արեք, մեկ-մեկ էլ ասեք՝ «ըհը», և անընդհատ մի նայեք սմարթֆոնին: Իսկ ահա լսելն, իրոք, արվեստ է: Այդպիսի մարդկանց հետ իսկապես ուզում ես զրուցել:
Ինչպես զարգացնել լսելու ունակությունը: Փորձեք կենտրոնանալ, թե ինչի մասին է խոսում Ձեր զրուցակիցը, և չշեղվել ու տարվել մտքերով: Հետաքրքրվեք նրա ասածով: Եթե չի ստացվում, այդ դեպքում ինչո՞ւ եք ընդհանրապես զրուցում իրար հետ:
Գործեք հանպատրաստից
Ոմանք սիրում են անսպասելիություն և հանպատրաստից գործողություններ, ուրիշներն էլ նախընտրում են կայունությունն ու վստահելիությունը: Բայց ցանկացած հարաբերություն՝ առանց սպոնտանության, երևակայության և անսպասելի արարքների, ձանձրալի է դառնում:
Առանց պատճառի, պարզապես մի սովորական օր գնացեք ռեստորան, հենց այնպես երգեք, երբ բարձր տրամադրություն ունեք, ինչ-որ պար սովորեք, գնացեք քաղաքից դուրս: Փնտրեք անհավանական գեղեցիկ մի վայր: Սպոնտանությունը չի թողնում, որ հարաբերությունները դառնան միապաղաղ ու մոխրագույն առօրյա: Այն հետաքրքիր գույն է տալիս հարաբերություններին և լավ հիշողություններ երաշխավորում:
Ինչպես զարգացացնել այդ հատկանիշը: Հաճախ լսեք ինքներդ Ձեզ, թե ինչ եք ուզում: Առայժմ կարևոր չէ` կգնահատեն ձեր պոռթկումները, թե ոչ: Կարևորը` ինչ-որ ցանկություններ ի հայտ գան:
Ինչ-որ բան լավ անել
Կարևոր չէ, թե Ձեր հմտությունները որ ոլորտին են վերաբերում՝ մեքենա վարել, կիթառ նվագել, թե վարժ խոսել երեք լեզուներով: Մարդկանց միշտ հիացնում է ուրիշների վարպետությունը՝ անկախ ինչին է վերաբերում:
Ինչպես սովորել: Պարզապես գտեք Ձեզ համար սիրելի զբաղմունք և հասցրեք այն կատարելության: Ի դեպ, եթե այս պահին ոչ մեկի հետ չեք հանդիպում, սա կօգնի, գտնել ինչ-որ մեկին: Հենց խորասուզվեք սիրած գործի մեջ և մոռանաք զուգընկեր գտնելու ցանկության մասին, նա, կարծես, կախարդական փայտիկի մեկ հարվածով, հանկարծ կհայտնվի:
Լինել ինքնաբավ և գոհ ամեն ինչից
Մարդիկ, ովքեր գոհ են իրենց ունեցածով, ավելի գրավիչ են, քան նրանք, ովքեր մշտապես բողոքում են, տանջվում մտքից, որ ինչ-որ բան իրենց չի հերիքում: Եթե գոհ եք Ձեր արտաքինից, ավելի գայթակղիչ տեսք եք ունենում, քան երբ կարծում եք, որ սարսափելի գեր եք: Եթե գոհ եք Ձեր աշխատանքից, ոչ ոք Ձեզ «լուզեր» չի համարի: Աղքատը նա չէ, ում աշխատավարձը ցածր է, այլ նա, ում միշտ փողը չի հերիքում:
Ինչպես սովորել գոհանալ եղածով: Այո, դա այնքան էլ հեշտ չէ: Նախ` դադարեք համեմատվել մյուսների հետ, հետո բացահայտեք, թե ինչն է լավ Ձեր կյանքում, և գոհ եղեք դրա համար:
Չափը չանցնել
Եթե հետևում եք կազմվածքին և աշխատում եք ավելի շատ բանջարեղեն ուտել, հրաշալի է: Բայց եթե պիցայատան աշխատողներին զզվացնում եք՝ պահանջելով պիցա՝ առանց խմորի, միանգամայն ուրիշ է: Սա վերաբերում է Ձեր բոլոր սկզբունքներին ու նախասիրություններին: Ամեն ինչում պետք է սահման ճանաչել, հիվանդագին մոլուցքը ոչ ոքի չի ուրախացնի:
Ինչպես ազատվել սևեռուն մտքերից: Նախ հասկացեք՝ կա՞ն արդյոք դրանք: Հարցրեք մտքերիմներին, թող ազնվորեն ասեն՝ ինչ են մտածում այդ մասին: Հավանաբար նրանք արդեն ասած էլ կլինեն, բայց Դուք ուշադրություն չեք դարձրել:

Եղեք այնպիսին, ինչպիսին կաք
Կարող եք անվերջ ու անդադար կերպարներ հորինել Ձեզ համար, վարժվել դրանց, նույնիսկ ձուլվել, բայց մարդիկ միշտ զգում են կեղծը ու գնահատում անկեղծությունը: Սա չի նշանակում լինել պարզունակ և ընթեռնելի: Ընդամենը պետք է չթաքցնել զգացմունքները և չկեղծել դրանք: Բացահայտ ժպտացեք և լիաթոք ծիծաղեք՝ առանց ամաչելու պոռթկումներից, ցանկություններից ու հրապուրանքից:
Ինչպես դառնալ իրական: Նախ` պարզեք, թե ինչ դիմակ եք կրում: Իհարկե, հեշտ բան չէ: Հասկացեք, թե ինչու եք այն հագել և վերանայեք Ձեզ հետ Ձեր իսկ հարաբերությունները:
Զիջելու ունակություն
Փոխզիջման գնալու կարողությունը, և ամենակարևորը, ցանկությունը նշան է, որ մարդը պատրաստ է երկար ու երջանիկ հարաբերությունների: Եթե փոխզիջում չեք փնտրում, այլ ստիպում եք զուգընկերոջն ամեն ինչում ենթարկվել Ձեզ, ուրեմն՝ չեք հարգում նրան: Վաղ, թե ուշ դա կհոգնեցնի նրան: Եթե հակառակն է, միշտ ենթարկվում եք ու զիջում, Դուք կզզվեք, երկար լռությունը կավարտվի պայթյունով, և հենց Դուք էլ վերջ կտաք հարաբերություններին:
Ինչ անել: Միշտ Ձեզ ուրիշի տեղը դրեք: Օրինակ՝ Դուք աշխատում եք տանը և գործից հետո ուզում եք զբոսնել կամ սպորտով զբաղվել: Իսկ Ձեր ընկերն ամբողջ որը ոտքի վրա է եղել և ընդհանրապես չի ուզում երեկոյան ակտիվ կյանք վարել: Կռիվ սարքելու ու նրան ինչ-որ բան ստիպելու փոխարեն, Ձեզ Ձեր սիրելիի տեղում պատկերացրեք. կցանկանայի՞ք ակտիվ օրվանից հետո էլի ակտիվ լինել: Հենց պատկերացնեք Ձեզ նրա փոխարեն, կհանդարտվեք ու փոխզիջում կգտնեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ