Յուրաքանչյուրին հայրենիքից հեռացնում է մի նպատակ, մի երազանք, մի խնդիր: Դերասան ամուսիններ Մարի Մսրյանն ու Հովհաննես Բաբախանյանը արդեն մի քանի տարի է, ապրում և ստեղծագործում են հայ արվեստագետների սիրելի երկրում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Life.Panorama.am-ի հետ զրույցում Մարի Մսրյանն անկեղծացավ. թեև բնակվում են ԱՄՆ-ում և նույնիսկ մտածում գործնական ընդլայնման մասին, բայց միևնույն է, վերադառնալու նպատակները ի չիքս չեն:
-Արդեն քանի տարի է, որ գտնվում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
-Հինգ տարի:.
-Մարի, Հայաստանում էլ Ձեր ընտանիքը ճանաչված ու սիրված էր, գործնական զբաղվածություն ուներ: Ինչո՞ւ մեկնեցիք: Գործնական խնդիրնե՞ր էին ծագել, թե՞…
-Ոչ, ոչ մի խնդիր: Պարզապես այդպես ստացվեց:
-Սկզբնական շրջանում դժվար չէ՞ր այդտեղ:
-Չէի ասի, թե դժվար է եղել:
-Հիմա ի՞նչ եք անում, ի՞նչ զբաղվածություն ունեք:
-Ինչպես և Հայաստանում՝ մեր գործով. խաղում ենք ներկայացումներում՝ «Իմ սև սիրտն ու սպիտակ հրեշտակը», «Իմ սիրտը լեռներում է», «Կոնտրաբասս», «Ես և ես»… Նաև նկարահանվել ենք «Love or Laughs», «East of Byzantium», «Hidden Valley the Awakening», «NCIS Los Angeles», «Castle», «Sean Saves the World» և այլ ֆիլմերում: Ունենում ենք համերգներ և գործնական հանդիպումներ…

-Գործնական հանդիպումնե՞ր: Արդյո՞ք ընտանեկան բիզնես եք ձեռնարկել, թե՞ խոսքը նորից մասնագիտության մասին է:
-Հանդիպումները առնչվում են ֆիլմերին ու համերգներին: Ժամանակի սղության պատճառով՝ ընտանեկան բիզնես չունենք: Բայց, Աստված առաջ, պետք է, որ մի բան ստացվի…
-Չե՞ք կարոտում Հայաստանը:
-Ասեմ, որ չնայած այն հանգամանքին, որ ամեն տարի ընտանիքով գալիս ենք՝ միևնույն է, շատ եմ կարոտում:
-Հարազատներ ունե՞ք Հայաստանում:
-Իմ բոլոր հարազատներն են Հայաստանում. մայրս, ով նաև ինձ համար կանացիության և գեղեցկության խորհրդանիշ է, և եղբորս ընտանիքը:
-Իսկ ի՞նչն է Միացյալ Նահանգները գերում հայ արվեստագետներին: Այդտեղ միհրաշալի կազմ ունենք արդեն:
-Կարծում եմ, մեր արվեստագետներին այստեղ բերում է Հոլիվուդում կայանալու երազանքը:
-Ի՞նչ եք կարծում, երբևէ կվերադառնա՞ք հայրենիք՝ մնալու նպատակով:
-Իհարկե, անշուշտ:
