11:11 , 1 դեկտեմբեր, 2014
Համաշխարհային գրանդներին ջախջախող թիմը սեփական երկրի առաջնությունում հերթական հիասթափությունը նվիրեց երկրպագուներին. «Բորուսիան» պատմության մեջ դեռ այսպիսի արդյունք չի գրանցել։ Բունդես Լիգայի առաջատար թիմերից մեկը հերթական պարտությունը կրեց համեստ «Այնտրախտից» և ամրապնդեց դիրքերը վերջին հորիզոնականում։ Բժշկական տերմինալոգիայով ասած՝ Բորուսիայի վիճակը կայուն ծանր է։ Նման արդյունքը չի կարող չանդրադառնալ ակումբում հանդես եկող ֆուտբոլիստների հոգեվիճակի վրա, որն էլ անպայմանորեն կարտացոլվի սեփական երկրների հավաքականներում նրանց խաղում։ Տարօրինակն այն է, որ նույն մարտավարությամբ հանդես գալով Չեմպիոնների լիգայում՝ Բորուսիան փաստացի հասնում է հաջողությունների և սեփական խմբում գրավում է առաջին տեղը։ Այսինքն՝ թե Կլոպին այս պահին մեղադրելը գուցե անհրաժեշտ է, բայց հաստատ դիտվում է ուղղակի մեղադրանք։ Թիմը խաղում է ոնց կարող է, բայց բախտը կարծես երես է թեքել նրանից։ Չեմ կարծում, որ Գերմանիայի առաջնության թիմերն այնքան են հզորացել, որ առաջնության երբեմնի առաջատարն ուղղակի չի կարողանում նրանց հետ ոտք մեկնել։ Ինչևէ, եթե այս սև գիծը շարունակվի, ապա հետաքրքիր իրավիճակ կստեղծվի՝ ՉԼ-ում առաջատար դիրք զբաղեցնող թիմը Բունդես լիգայում մնալու խնդիր կունենա։ Չեմ կարծում, որ առաջատար ֆուտբոլիստները կշարունակեն համագործակցել Բորուսիայի հետ։ Դա օրինաչափ է, յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ ցանկանում է սեփական որակների դրական առաջընթաց ապահովել, իսկ նման պայմաններում դա պրակտիկորեն անհնար է։ Հուսանք, որ մեր Հենոյի այժմյան ակումբը կսթափվի և կվերադարձնի բարի համբավը, հակառակ դեպքում Հենոն էլ, մյուս առաջատարների նման, նոր ակումբ կսկսի փնտրել, եթե, իհարկե, արդեն չի սկսել։