22:56 , 29 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
ԱԺ նիստերից մեկում՝ հայտարարությունների ժամին, «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանն իր ձևակերպմամբ՝ ոչ ավանդական առաջարկ արեց Կառավարությանը՝ մատնանշելու Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերի ողջ ահագնությունը, այն է՝ ՀՀ սահմանամերձ գյուղերում կազմակերպել ներգաղթ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չինաստանից ու Ֆիլիպիններից: Tert.am –ի հետ զրույցում կրկնելով առաջարկը՝ Թևան Պողոսյանը նկատեց, որ 20 տարի հետո Հայաստանին այնպիսի վտանգ է սպառնում՝ որպես ծերացող պետություն, որ Կառավարությունը պետք է հենց այսօր արմատական քայլերի գնա, որոնք կապահովեն օրինակ՝ հենց այսօր արտագաղթը կասեցնելու արդյունք: Նրա գնահատմամբ՝ մեր երկրում բնակվելու հետաքրքրություն, օրինակ, կարող են ունենալ այնպիսի երկրների բնակչներ, որոնց տնտեսական պայմանները մեզնից վատն են: Միակ պայմանն այն է, որ այդ երկրները չլինեն մահմեդական:
-Պարոն Պողոսյան, ներգաղթի մասին Ձեր առաջարկը Դուք ևս ոչ ավանդական որակեցիք: Դրանով ցանկանում էիք ընդգծել, թե որքա՞ն կարևոր է խնդիրը, թե՞ իրոք մտածում եք այդ ուղղութամբ:
-Այդ գաղափարն առաջին անգամ ես չեմ հնչեցրել՝ ահազանգելով, որ երբ ազգն սկսում է ծերանալ, և այլևս ժողովրդագրական հնարավորություններով, ծրագրերով հնարավոր չէ մեծ ծնելիություն ապահովել, պետք է կամ այնպես անել, որ բոլոր հայերը վերադառնան, կամ պետք են այլ լուծումներ: Դրանցից մեկն էլ այն է, որ փորձենք պայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ, որոնք պատրաստ են այլ երկրներից տեղափոխվել Հայաստան, և որոնք ավելի ծանր պայմաններում են ապրում, գան ու այստեղ բնակվեն: Բնականաբար՝ առաջին ազգը չենք, որ իրավունք ունենք մտածել այդ մասին, միգուցեև՝ ապագայի համար սցենարներ մշակելու համար, որպեսզի քրիստոնյա ազգությունների ներկայացուցիչներին հրավիրենք այստեղ՝ անելու այն աշխատանքը, որոնք հայերն այլևս չեն ցանկանում անել:
-Իսկ ո՞ր երկրներից, ըստ Ձեզ, կարելի է հրավիրել մարդկանց:
-Ֆիլիպիններից, Չինաստանից կարող են մարդիկ գալ, այստեղ բնակվել, ովքեր կընդունեն հայկական արժեքները: Սա ընդամենը՝ մի առաջարկ է, որով ասվում է, որ եթե մենք ուզում ենք տնտեսության վրա հիմնված ծրագիր մշակել, ապա պետք է առնվազն՝ բնակչություն ունենանք:
-Չե՞ք կարծում, որ չինացիներին հրավիրելը վտանգավոր է Հայաստանի համար: Եթե չինական մեկ գյուղ գա, Հայաստանի բնակչությունը միանգամից կդառնա ազգային փոքրամասնություն:
-Վտանգավորության խնդիրը կգնահատեի հետևյալ կերպ. իսկ վտանագավոր չէ՞, որ Հայաստանում գյուղ չլինի, սահման պահող չլինի: Այստեղ խնդիր է առաջանում՝ ո՞ր վտանգն ենք մենք ավելի գերադասում, և սա գնահատաման հարց է, որը բոլորս միասին պետք է հավաքվենք ու լուծենք: Կամ պետք է այնպիսի ծրագրեր իրականացնենք, որ արտագաղթը մեկ օրվա մեջ կանգնի, և բոլոր հեռացած հայերը վերադառնան: Ասում ենք՝ 10 մլն հայություն ունենք՝ աշխարհով մեկ սփռված, բոլորը վերադառնան հայրենիք, ունենանք հզոր պետություն, կարողանանք ինքներս մեզ պաշտպանել բոլոր վտանգներից: Կամ էլ, եթե դա չի ստացվում, պետք է մտածենք, թե ինչպես պետք է այս խնդիրը լուծենք: Օրինակ՝ երբ Իսրայելը ձևավորվում էր որպես երկիր, ընդամենը 20 տարվա մեջ ձևավորեց բանակը, որը 6-օրյա պատերազմում կարողացավ լուծել իր խնդիրները, սահմաններն ապահովել: Այդ ժամանակ Իսրայելը նույնպես Հայաստանի չափ բնակչություն ուներ՝ շուրջ 2 մլն: Այսօրվա դրությամբ Իսրայելի բնակչությունը 7 մլն է, որտեղ կհանդիպես հրեաների Աֆրիկայից, Չինաստանից, աշխարհի ցանկացած երկրից, որոնք շատ ժամանակ նաև հայրական կողմից այլ ազգություն ունեն, բայց մայրական կողմից դառնում են Իսրայելի քաղաքացի: Երկիրն այս քայլով ապահովեց իր անվտանգությունը:
Այս առաջարկը հնչեցնելով՝ փորձում եմ մարդկանց մարտահրավեր նետել, որ սկսեն մտածել՝ ինչ է լինելու, որովհետև եթե քայլեր չձեռնարկենք, որևէ սցենար չմշակենք, որևէ խնդիր չլուծենք, այս նույն տեմպերով գնանք, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հաշվարկներով՝ 2020-2030-ին ունենալու ենք 2 մլն բնակչություն: Եկե՛ք մտածեք, թե ինչ է մեզ սպասվում, երբ մի հարևան այստեղ է աճում, մի հարևան՝ այնտեղ: Խոսքս Ադրբեջանի ու Թուրքիայի մասին է: Մեկը 10 մլն է հայտարարում իրեն, մյուսը՝ 70 մլն: Այս ոչ ավանդական առաջարկով ես ուզում եմ, որ մտորենք, քննարկենք ու լրջությամբ զբաղվենք այդ հարցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ