12:09 , 29 նոյեմբեր, 2014
Ժամանակակից հակամարտությունների տրամաբանությունը ենթադրում է դիմակայության առանձին հարթակների ամբողջություն, որտեղ պայքարը և հաջողությունը փոխկապակցված են, հարձակողական գործողությունները հաճախ իրականացվում են զուգահեռաբար, և հետևաբար հակամարտության յուրաքանչյուր մասնակից պետք է համապատասխան պատրաստվածություն և մարտավարություն ցուցաբերի պայքարի բոլոր ճակատներում:
Դեռևս 2011 թ. մարտի կեսերից Սիրիայում սկիզբ առած ներքաղաքական հուզումները նաև արտասահմանյան ԶԼՄ-ների՝ հատկապես արևմտյան, պանարաբական, թուրքական, իսրայելական և այլ լրատվամիջոցների տեղեկատվաքարոզչական գործունեության ազդեցությամբ աստիճանաբար վերածվեցին ներքին զինված հակամարտության: Այդ իսկ պատճառով, ճգնաժամի դեռևս նախնական փուլում ինչպես սիրիական իշխանությունների, այնպես էլ նրանց արտաքին հովանավորների համար անհրաժեշտություն էր առաջացել դիմակայության քարոզչական ճակատում ևս ձեռնարկել համապատասխան միջոցներ: Ստեղծված պայմաններում, սիրիական հակակառավարական հսկայածավալ քարոզչամեքենայի գործունեությանը տեղեկատվական պատերազմի բոլոր ընդունված և անընդունելի միջոցներով փորձեցին պատասխանել ինչպես բուն սիրիական, այնպես էլ իրանական, ռուսական լրատվամիջոցները: Դիմակայությունն, իհարկե, Արևմուտքի և նրա գլխավորած դաշինքի օգտին էր, քանի որ թե′ տեխնիկապես և թե′ ընդգրկվածության աստիճանով նրանք անգերազանցելի էին:
Սիրիական կառավարության աջակցությամբ դեռևս ճգնաժամի սկզբնական փուլում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած սիրիացի երիտասարդների մի խումբ երկրի դեմ իրականացվող տեղեկատվաքարոզչական պայքարին դիմագրավելու, ինչպես նաև պատասխան հակահարվածներ իրականացնելու նպատակով ստեղծել էր «Սիրիական էլեկտրոնային բանակ» կոչված կառույցը:
Երիտասարդները պարբերաբար հաքերային հարձակումներ էին իրականացնում սիրիական գործընթացների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող տարաբնույթ լրատվամիջոցների, միջազգային կառույցների, որոշ պետական գործիչների, արևմտյան տրանսնացիոնալ ընկերությունների և այլ բնույթի կազմակերպությունների դեմ. տարբեր ժամանակներում «Սիրիական էլեկտրոնային բանակի» համար թիրախ են դարձել CNN, The New York Times, The Washington Post լրատվամիջոցների, Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության, Forbes, Microsoft, Skype ընկերությունների կայքերն, անգամ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հաշիվները սոցիալական ցանցերում, Barcelona ֆուտբոլային ակումբի թվիթերյան միկրոբլոգերը և այլն:
Օրերս «Սիրիական էլեկտրոնային բանակը» նոր լայնածավալ գրոհ է նախաձեռնել այս անգամ արդեն The Independent, The Daily Telegraph, Evening Standard, The Daily Express բրիտանական պարբերականների, Forbes-ի ամերիկյան հրատարակության, Chicago Tribune պարբերականի, կանադական CBC, կատարյան Al Jazeera հեռուստաընկերությունների, իտալական La Repubblica թերթի կայքերը և մի շարք այլ էլեկտրոնային ռեսուրսներ Մեքսիկայում, Նոր Զելանդիայում և այլուր:
Ինչ խոսք, սիրիացի հաքերների գրոհները բավականաչափ մեծ աղմուկ են բարձրացրել համաշխարհային տեղեկատվական տիրույթում, և չի բացառվում, որ այս անգամ էլ դրանք կապված էին ռազմական ճակատում, տվյալ դեպքում՝ Սիրիայի հյուսիսում՝ հատկապես Հալեպի նահանգում, կառավարական ուժերի նախաձեռնած մասշտաբային գործողությունների և արդեն իսկ գրանցած հաջողությունների հետ: