Մահացու ուտելիք. սննդամթերքի 6 թունավոր տեսակներ


09:46 , 29 նոյեմբեր, 2014

Սննդակարգում հաճախ օգտագործվող ուտելիքների շարքում կան այնպիսիք, որոնք մարդուն գերեզման կարող են հասցնել: Ստորև դրանցից մի քանիսն եմ ընթերցողին ներկայացնում.

1. Ձուկ ֆուգու

Դելիկատես համարվող ճապոնական ֆուգու ձուկը, անխոս, մարդկությանը հայտնի ամենավտանգավոր սննդամթերքն է. դրա փշերում, մաշկի մեջ և ներքին օրգաններում առկա տետրոդոտոքսին թույնը մարդուն կաթվածահար անելու և ընդամենը երեք ժամվա ընթացքում սպանելու հատկություն ունի: Ուստի խոհարարներից քչերը կարող են այն պատրաստել, դեռ մի բան էլ՝ մի քանի տարի սովորելուց հետո:

2. Սունկ

Թե բոլոր երկրներում, և թե Հայաստանում գրանցվող թունավորման դեպքերի (երբեմն՝ մահացու ելքով) մեծ մասի պարագայում մեղավորը սունկն է, որը նույնիսկ խիստ թունավոր տեսակներով է աչքի ընկնում: Ամենաթունավոր սունկը, որ հայտնի է մարդուն, դժգույն գարշասունկն է, որն արտաքինից միանգամայն անվնաս տեսակների հետ նմանությամբ է աչքի ընկնում: Այդուհանդերձ, այս սունկը մի քանի ժամվա ընթացքում մարդուն մահվան հասցնելու հատկություն ունի: Պատահական չէ, որ մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել ինքնուրույն հավաքված սնկերով սնվելու գաղափարից՝ դրանք կարող են խիստ թունավոր լինել:

3. Կարտոֆիլ

Որքան էլ տարօրինակ հնչի՝ կարտոֆիլը ևս սննդամթերքի ամենաթունավոր տեսակների շարքին է դասվում: Թեև բոլորը գիտեն, որ դրա կանաչ երանգ ձեռք բերած հատվածներն ուտել չի կարելի: Վերջիններս թունավոր գլիկոալկալոիդ՝ սոլանին են պարունակում, որը կարող է ստամոքսի խանգարում, հևոց և սրտի արագ աշխատանք հրահրել: Այնպես որ, թեև մահացու վտանգ չի գործում, այստեղ էլ հարկավոր է զգուշամտություն դրսևորել:

Կարտոֆիլի տերևներն, ի միջի այլոց, առավել վտանգավոր են: Որոշ մարդիկ փորձում են դրանցից թեյ պատրաստել, սակայն առաջարկվող ըմպելիքի մեկ բաժակն անգամ մարդուն կարող է կոմայի հասցնել:

4. Լոլիկ

Չհասունացած, կանաչ լոլիկը, կարտոֆիլի կանաչ հատվածների նմանությամբ, սոլանին թույն է պարունակում, ինչը, մեկ-երկու կիլոգրամ այդպիսի լոլիկ ընդունելու դեպքում, լուրջ թունավորման պատճառ կարող է դառնալ:

5. Բալ

Այո, այո, հենց բալ: Այս մրգի կորիզը սինիլաթթու է պարունակում, որի բաղադրության մեջ նաև գերհզոր ցիանիդ թույնը կա: Այնպես որ, կորիզը կծելու դեպքում այն կարող է մարդու օրգանիզմ անցնել: Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, մեկ կորիզից ոչ մի սարսափելի բան չի լինի, բայց մի քանի տասնյակ անգամ փորձելուց հետո լուրջ թունավորում կարող է առաջանալ:

Ի միջի այլոց, դեղձի և սալորի կորիզները ևս հիշյալ թույնի բաղադրությամբ են աչքի ընկնում, այնպես որ դրանք էլ ուտել չի կարելի:

6. Կաթ

Որքան էլ տարօրինակ թվա՝ կաթը ևս սննդամթերքի վտանգավոր տեսակների շարքին է դասվում: Այն թույն երբեք չի պարունակում, բայց կարող է ուժեղ ալերգիա առաջացնել, երբեմն՝ մահացու ելքով: