Իսլամիստները բավական ակտիվացել են Դաղստանում


16:48 , 28 նոյեմբեր, 2014

Իսլամական պետությունն ընդլայնում է իր գործունեության սահմանները: Տեղեկություններ կան, որ իսլամիստները բավական ակտիվացել են Դաղստանում: Իսկ այսօր համացանցում մի տեսահոլովակ է տարածվել, որտեղ Դաղստանի Աուխ շրջանի ջամաաթի ղեկավար Սուլեյմանը հավատարմության երդում է տալիս ԻՊ խալիֆ Աբու Բաքր ալ-Բաղդադիին:
Այն փաստը, որ Հյուսիսային Կովկասում իսլամիստները գործունեություն են ծավալում, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն վերջին շրջանում ռուսական իշխանություններին կարծես հաջողվել էր որոշակիորեն չեզոքացնել նրանց: Այնուամենայնիվ, Դաղստանը սահմանակից է Ադրբեջանին, որտեղ իսլամիստները նույնպես ուժեղ դիրքեր ունեն այսօր: Փաստորեն, տարածաշրջանն իրոք հայտնվել է ծայրահեղ իսլամական հոսանքների լուրջ ազդեցության տակ, և այն գնալով ավելի է խորանում: Իսկ որպես հիմնական թիրախ՝ իսլամիստներն ամենայն հավանականությամբ ընտրել են հենց Ադրբեջանը: