Հանդիպել են ՀՅԴ և ՍԴՀԿ ներկայացուցիչները


14:46 , 28 նոյեմբեր, 2014

Untitled-41in.am-ը գրում է․

Նոյեմբերի 27-ին ՀՅԴ Քրիստափոր Միքայելյանի կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ և ՍԴՀԿ կուսակցությունների ներկայացուցիչների միջև:

Հանդիպմանը Դաշնակցության կողմից մասնակցել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը, իսկ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության կողմից՝ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը և վարչության փոխատենապետ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալբաքյանը:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ դրականորեն գնահատվել է երկու կուսակցությունների միջև եղած համագործակցությունը: Շեշտվել է հայրենիք-սփյուռք հարաբերություների առավել սերտացման անհրաժեշտությունը և այս հարցում երկու կուսակցությունների դերակատարության կարևորությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերներին, այս ուղղությամբ անհրաժեշտ անելիքներին:

Եվս մեկ անգամ ընդգծվել է նորանկախ Հայաստանում գաղափարական հենք ունեցող կուսակցությունների դերը: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ազգային և համահայկական նշանակության խնդիրների շուրջ հետագա հանդիպումների և համագործակցության անհրաժեշտության վերաբերյալ: