19:50 , 27 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Առաջիկայում նախատեսվում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով: Դա, ըստ կառավարության, հնարավորություն է տալու կրճատել մի շարք հիվանդությունների տարածումը: Գործադրի նման նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց, ընդդիմախոսները նշում են, որ օգտակարության գործակիցը փոքր է: Թեմայի շուրջLife.panorama.am-ը զրուցել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի հետ:
-Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ որոշում կայացվեց նման ծրագիր իրականացնել:
-Նախ ասեմ, որ այսպիսի նախաձեռնությունը նորություն չէ: Առողջապահական համակարգերը զարգացման մի շատ կարևոր ուղի են ընտրել: Ոչ միայն հիվանդի բուժումն է, այլև հիվանդությունների կանխարգելումը: Այս տեսանկյունից, ՀՀ-ն նման ծրագրեր շատ է իրականացրել: Եկեք հիշենք աղը յոդով հարստացնելու ծրագիրը: Մեր տարածքը, լինելով զոբի համար էնդեմիկ զոնա, աղը յոդով հարստացնելով, տեսնում ենք, որ մարդկանց մոտ յոդի առաջացման նախադրյալները քչանում են: Այսինքն՝ կրկին կա հիվանդացությունը, բայց փորձ է արվում նվազագույնի հասցնել: Նման ճանապարհով գնում են աշխարհի բազմաթիվ առաջատար երկրներ, այսինքն, սա նորություն չէ:
-Ի՞նչ է իրենից ենթադրում ալյուրի հարստացման ծրագիրը:
-Այս ծրագիրը սկսվել է դեռևս 1942 թվականին Միացյալ Նահանգներում: Այն միաժամանակ ներմուծվել է Կանադայում, Մեծ Բրիտանիայում, ընդ որում ալյուրի հարստացումը սկսվել է ոչ պարտադիրից, կատարվել է փուլ առ փուլ: Ինչու, որովհետև հանրային հետազոտությունների ժամանակ, հիվանդությունների տարածվածությունը հաշվի առնելով, հասկացել են, որ միկրոտարրեր ավելացնելով, կարող են տարածվածությունը նվազեցնել: Հիմա մեզ մոտ այդպիսի զանգվածային հետազոտություն արվել է 2005 թվականին: Արդյունքներով պարզվել է, որ վերարտադրողական տարիքի կանանց մոտ արյան անեմիաների տարածվածությունը բավականաչափ բարձր տոկոս է կազմում՝ 37 տոկոս, ինչպես նաև մինչև 14 տարեկան երեխաների շրջանում 25 տոկոսի մոտ խնդիր կա: Արյան անեմանիան դեռ հիվանդություն չէ, դա այս կամ այն շեղումն է, որը նախանշում է խնդիրը: Ինքը տարիներ հետո կարող է դառնալ հիվանդություն: Սա լուրջ վտանգ է մեզ համար, միայն այս հետազոտությունը հիմք է ծառայում, որ մենք քայլեր ձեռնարկենք:
-Բայց ինչո՞ւ հենց ալյուրի հարստացում, այլ տարբերակ չկա՞:
-Բացը լրացնելու երկու տարբերակ կա, կամ հաբեր խմել կամ սննդի միջոցով օգտագործել: Տարբեր երկրներում փորձել են և պարզվել է, որ ալյուրի հարստացմամբ նույն նյութերը տալը շատ ավելի արդյունավետ է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տալիս է, թե որ հիվանդության դեպքում, որ միկորնուտրիենտը կարող ենք օգտագործել, այդ ամենը ֆիքսված է, մենք նոր բան չենք հնարում, այն ինչ փորձված է, դա ենք ցանկանում օգտագործել: Բոլորը գիտեն, որ ալյուրից թեփն անջատվում է, բայց ամբողջ նյութերը գտնվում են այդ թեփի մեջ: Միայն միջուկն ենք թողնում և ստանում բարձրագույն կարգի և առաջին կարգի ալյուր, որն այդ անհրաժեշտ վիտամինները չի պարունակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ