17:48 , 27 նոյեմբեր, 2014
Newmag.am-ը գրում է․
ռեալիստ ու ռոմանտիկ
Անուշ. Ես իմ ռոմանտիզմն ամբողջովին արտահայտում եմ երգերի մեջ, ինչը չեմ կարող ասել քույրիկիս մասին: Շատերը կարծում են` Ինգան շատ ակտիվ, ադմինիստրատորի ձիրքով, խոլերիկ անձնավորություն է, բայց իրականում նա փափկամազիկ փիսիկ է, շատ փխրուն: Շատ հարցերում նրան ավելի հեշտությամբ կարելի է վիրավորել, քան նույնիսկ ինձ:
Ինգա. Անուշի մեջ գերիշխում է ռոմանտիզմը, նա անընդհատ երկինքներում է: Երբ իջնում է ներքև, հրաշք բաներ է ստեղծում, նրան բնորոշ է արժեքավոր բան ստեղծելը, ասենք` երգ, որը ոչ մի երգի նման չի: Դժվար պահերին, երբ ես չեմ կարողանում կողմնորոշվել, նա ճիշտ որոշում է ընդունում:
եթե լինեի
Անուշ. Ես միշտ պայքարի մեջ եմ իմ գաղափարների, չիրականացրած ծրագրերի համար: Եթե զղջում եմ, ապա միայն իմ կորցրած ժամանակի, իմ աշխատասիրության պակասի համար: Եթե ավելի համառ լինեի, ավելի շատ բանի կհասնեի: Եթե երգարվեստում չլինեի, օտար լեզուներ կուսումնասիրեի, գուցե Հին աշխարհի պատմություն ուսումնասիրեի` Հայաստան, Ասորեստան…
Ինգա. Ես կարող էի ավելի աշխատասեր լինել, ասենք` ջութակ ավելի շատ պարապել, ինչը հիմա չեմ անում: Պահեր կան, որ հիասթափվում եմ` պետք էր այսպես անել, այնպես անել, բայց ոչինչ պատահական չի լինում: Եթե երգարվեստում չլինեի, կընտրեի ռեժիսուրան: Երբ մենք երգում ենք, միանգամից պատկերացնում եմ, թե ինչպես է պետք նկարահանել երգի տեսահոլովակը:
երբ դժվար է
Անուշ. Սթրեսից սթափվում եմ բնության գրկում, բնության մեջ լինելն սփոփում է: Նաև օգնում են մեր այն ընկերները, որոնց հետ կարելի է կիսվել: Այդպիսի մարդիկ քիչ են, ավելի ճիշտ` ոչ թե քիչ են, այլ ուղղակի չենք ուզում մեր սթրեսային հոգեվիճակը փոխանցել մյուսներին:
Ինգա. Եթե չլինի անկումը, վերելքը չես ճանաչի: Մենք զգայուն մարդիկ ենք, ամեն ինչ մի փոքր ծանր ենք տանում, բայց մեր ծնողները մեր կողքին են ու ծնող լինելուց բացի նաև մեր ընկերներն են: Որքան մեծանում ես, որքան ավելանում է կյանքի փորձն, այնքան ավելի մեծ փորձու թյուներ են տրվում քեզ: Բայց դրանք երբեք այնպիսիք չեն, որոնք չես կարող հաղթահարել: Մարդը կամ կոտրվում է, փոխում է աշխարհայացքն ու սկսում այլ կերպ ապրել, կամ ավելի ամրանում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ