Հանրային հեռուստաընկերության եթերում նախորդ տարի հեռուստադիտողները հնարավորություն ունեին դիտելու 16 մասից բաղկացած «Մեր գյուղը» խորագրով ֆիլմաշարը, որն այնքան սիրվեց հեռուստադիտողների կողմից և այնքան դրական արձագանքներ եղան, որ անձնակազմը որոշեց ֆիլմաշարի լավագույն հատվածները միացնել իրար և դարձնել մեկ ամբողջական գեղարվեստական ֆիլմ:
Վերջերս արդեն իսկ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը Տորոնտոյում անցկացվող «Նուռ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» և «Հանդիսատեսի համակրանք» մրցանակների: Փառատոնի կազմակերպիչներն ամիսներ առաջ առաջարկել են ֆիլմն ընդգրկել փառատոնի օրակարգում, իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ այն մրցանակների է արժանացել: Ֆիլմի ռեժիսոր Ելենա ԱրշակյանըLife.panorama.am-ի հետ զրույցում նշեց. «Ինձ համար կրկնակի հաճելի է, որ ֆիլմը սիրվել ու գնահատվել է ինչպես ժյուրիի, այնպես էլ հանդիսատեսի կողմից: Դրա մասին են վկայում փառատոնի 2 մրցանակները: Չէի սպասում, որ նման արձագանք կստանա: Այն կարծես իմ հոգու պարտքը լիներ: Մրցանակները խթան են դարձել՝ նոր աշխատանքներ իրականացնելու և ստեղծագործելու»:
Ըստ ռեժիսորի՝ ֆիլմը ստեղծվել է մեծ սիրով ու ջերմությամբ: Չնայած իր զբաղվածության պատճառով այնտեղ չգտնվելուն՝ շնորհավորանքների պակաս չի զգացել. «Քանի որ զբաղված էի նոր ֆիլմիս նկարահանումներով, ցավոք, չկարողացա մեկնել այնտեղ, սակայն շատ հաճելի էր մրցանակաբաշխության ընթացքում` Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին, այնտեղից զանգեր ու շնորհավորանքներ ստանալ: Այժմ մենք սպասում ենք մրցանակների Երևան «գալուն»: Փառատոնի կազմակերպիչները խոստացել են ուղարկել:
Ի դեպ նշենք, որ «Մեր գյուղը» ֆիլմաշարի նկարահանումներն իրականացվել են Լոռու մարզի Դսեղ գյուղում: Այն պատմում է գյուղական իրականության մասին՝ ներկայացնելով մերօրյա գյուղացու կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով, առօրյա հոգսերով ու երազանքներով: Փորձում է բացահայտել հայ գյուղացու պարզ ու մաքուր, հումորով հագեցած տեսակը, ինչի օգնությամբ կարողանում է լուծել այն տարատեսակ խնդիրները, որոնց հետ ստիպված է առերեսվել յուրաքանչյուր օր:
