Ցեղասպանության ճանաչման օրինագիծը Թուրքիայում չի անցնի, բայց Հայկական հարցն արդեն տաբու է ճեղքում այդ երկրում. թուրքագետներ


15:12 , 27 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին պատգամավոր Սեբահաթ Թունջելի՝ Թուրքիայի խորհրդարան ներկայացված «Հայոց ցեղասպանության համար երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` հայերից ներողություն խնդրելու մասին» նախագիծըչի անցնի, բայց այն արդեն իսկ լրջագույն քաղաքական հետևանք է պարունակում. այդ երկրի համար ամենագլխավոր տաբուն է ճեղքում: Tert.am -ի հետ զրույցում նման գնահատական տվեց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

«Պատկերացրեք՝ 90-ական թվականներին Թուրքիայում «Ցեղասպանություն» բառն անգամ արտասանելը հանցագործություն էր և հետապնդվում էր Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը հիմա ուժի մեջ է, բայց չի կիրառվում: Հիմա գործը հասել է նրան, որ խորհրդարանական որևէ կուսակցության ներկայացուցիչ կարողանում է դիմել Թուրքիայի խորհրդարան ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստով օրինագիծ ընդունելու առաջարկով: Ի՞նչ է նշանակում սա: Այն, որ խնդիրը ոչ միայն անդառնալի է միջազգային հանրության, այլև Թուրքիայի համար: Եվ նշանակում է, որ Թուրքիան, որքան էլ համառի, վաղ թե ուշ պետք է վերանայի սեփական պատմությունը և ընդունի Հայոց ցեղասպանությունը: Այսինքն՝ Հայկական հարցը, որի վրա Թուրքիայում տաբու էր դրված, արդեն իսկ ճեղքվածք է տալիս»,- ասաց թուրքագետը:

Ներկայացված օրինագիծը, ըստ նրա, կմերժվի, և խոսքը միայն Էրդողանի իշխող կուսակցության մասին չէ, որ ունի պարզ մեծամասնություն և դեմ կքվեարկի դրան, այլև «Ժողովրդահանրապետական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունների, որոնք նույնպես կմերժեն:

Հիշեցնենք, որ ազգությամբ քուրդ կին պատգամավոր Սեբահաթ Թունջելի՝ նախագծով առաջարկվում է, որպեսզի Էրդողանը պաշտոնապես՝ ողջ Թուրքիայի Հանրապետության անունից, հայերից ներողություն խնդրի՝ խորհրդարանի ամբիոնից: Իսկ հաջորդ օրը կոտորածի վայրերից մեկում Նախագահի կողմից պետք է ընթերցվի ներողություն խնդրելու տեքստը: Դրանից հետո առավելագույնը 1 տարվա ընթացքում պետք է ստեղծվի խորհրդարանական հանձնաժողով, որի առաջ պետք է բացվեն պետական բոլոր արխիվները:

Օրինագծով առաջարկվում է ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ու ամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:

Ի պատասխան հարցի, թե արդյոք սա ինքնուրույն նախաձեռնություն է, այսինքն՝ կարող է ներկայացված լինել թուրքական իշխանությունների առնվազն գիտությամբ՝ թուրքական իշխանությունների «ժողովրդավարական» կերպարի շրջանակներում մերժվելու ակնկալիքով, Հակոբ Չաքրյանը նկատեց, որ որևէ կասկած չունի, որ Սեբահաթ Թունջելը «սրտանց չի ներկայացրել այն»՝ լինելով պարկեշտ անձ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ