13:12 , 27 նոյեմբեր, 2014Newmag.am-ը գրում է․
Դեռևս վեց տարի առաջ, երբ կանացի, ծխախոտից խռպոտած ձայնով կատարվող այս երգի երկու միլիոն սկավառակ վաճառվեց, ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ նրա հեղինակն ու կատարողը` Կարլա Բրունին, դառնալու էր Ֆրանսիայի առաջին տիկինը: Ֆրանսիական Հանրապետության սահմանադրությունը նախագահի տիկնոջը պաշտոնական որևէ լիազորությամբ չի օժտում և որևէ պարտականություն չի դնում նրա վրա: Նա ընդամենը պետության առաջին դեմքի կինն է` առաջին տիկինը:
1959 թվականին գեներալ դը Գոլի օրոք նոր Սահմանադրության ընդունումից հետո հռչակված Ֆրանսիայի Հինգերորդ Հանրապետության նախագահների կանայք, իհարկե, շատ տարբեր են եղել, բայց բոլորն էլ հետաքրքիր, և ամեն մեկն իր տեսակի մեջ վառ անհատականություն էր: Ֆրանսիացիների սիրելի գեներալ դը Գոլի կինը` «Իվոն մորաքույրը», ինչպես փաղաքշաբար անվանում էին նրան ու մինչև հիմա էլ անվանում են ֆրանսիական գրականության մեջ, պատկանում էր կանանց այն սերնդին, որոնք ապրում էին իրենց փայլուն կամ ոչ այնքան փայլուն ամուսինների ստվերում: Սիրող, հոգատար, հեզաբարո այդ կինը, որ հոյակապ որդի էր ծնել ու դաստիարակել, մինչև կյանքի վերջն ամուսնու հետ «Դուք»-ով էր խոսում: Նա նախագահին ուղեկցում էր պաշտոնական բոլոր այցերի ընթացքում և Ելիսեյան պալատի տիրուհին էր: Մի անգամ, երբ Իվոն մորաքույրն ուզում էր իր կարծիքը հայտնել քաղաքական ինչ-որ հարցի վերաբերյալ, գեներալ դը Գոլը պատասխանեց նրան.
Լռե’ք, կանայք քաղաքականությունից ոչինչ չեն հասկանում:
Դանիել Միտերանը` Ֆրանսուա Միտերանի (1981-1995) կինը, մի անգամ ասել է. «Առաջին տիկին լինելը ոչինչ չի նշանակում… Ամեն ինչ կախված է անհատականությունից»: Ելիսեյան պալատի տիրուհիները` նախագահների կանայք… Նրանցից յուրաքանչյուրը յուրովի կերտում էր իր դերը, յուրաքանչյուրն իր հետաքրքրությունների շրջանակն ուներ:
Կլոդ Պոմպիդուն` Ժորժ Պոմպիդուի (1969-1974) կինը, ժամանակակից արվեստի մեծ սիրահար էր, շատ լավ հասկանում էր այն և 1970 թվականին ստեղծեց ժամանակակից նկարիչների աջակցության իր հիմնադրամը: Բարձրահասակ, սլացիկ, նրբագեղ այս կինը դարձավ հագուստի ֆրանսիացի մոդելավորողների «դեսպանը»: Անն-Այմոն Ժիսկար դ’Էստենը` Վալերի Ժիսկար դ’Էստենի (1974-1981) կինը, նախընտրեց չապրել Ելիսեյան պալատում, բայց այնտեղ իր աշխատասենյակն ուներ: Դանիել Միտերանը ձեռք բերեց «ինքն իր անունից խոսելու իրավունք»: Նա ակտիվորեն զբաղվում էր քաղաքական և հումանիտար խնդիրներով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ