Ո՞վ է հայը


19:56 , 26 նոյեմբեր, 2014

Ո՞վ է հայըBarometer.am-ը գրում է․

Այս հարցին երևի բոլորս ենք առնչվել: Առաջին հայացքից շատ հասարակ այդ հարցին, պարզվում է, այդքան էլ հեշտ չէ պատասխանելը: Առօրյայում դա երբեմն զավեշտի է հասնում, երբ, օրինակ, սկսում ենք մեծ ճանաչում ունեցող այսուայն հանրահայտ անձի կենսագրության մեջ փնտրել հայկական արմատներ: Գեղարվեստի ոլորտից շատ ուսանելի և խրատական են Ռ. Պատկանյանի "Հայ և հայություն" և Դ. Դեմիրճյանի "Հայը" ստեղծագործությունները: Բայց, ի վերջո, կա՞ արդյոք հատկանիշների ինչ-որ համալիր, որով կարելի է որոշել հայ լինելը:

ԲԱՐՈՄԵՏՐԸ փորձեց պարզել, թե, երևանցիների պատկերացմամբ, որո՞նք են հայ լինելու առավել կարևոր պայմանները: Տեսնենք, թե ինչ հետաքրքիր նրբերանգներ կան արդյունքներում: Ինչպես տեսնում ենք գրաֆիկում, առաջարկված բոլոր ութ պայմանները կարևորում է երևանցիների բացարձակ մեծամասնությունը: Սա բավական զարմացրեց մեզ: Հետաքրքիր է նաև պատասխանների հիման վրա ձևավորված հայ լինելու պայմանների աստիճանակարգությունը: Փաստորեն. այդ պայմաններից գլխավորներն են ինքն իրեն հայ համարելը, հայերեն խոսելը և ծնողների հայ լինելը, այսինքն` էթնիկական ծագումը, էթնիկական ինքնագիտակցությունը և մայրենի լեզուն: Բայց, չնայած ահռելի Սփյուռքի առկայությանը, մեր համաքաղաքացիների մեծամասնությունը ՀՀ-ում բնակվելն ու նրա քաղաքացի լինելը ևս համարում է հայ լինելու համար կարևոր պայման:

Հավելենք նաև, որ բացի երկու պայմանից` մյուս վեցը "շատ կարևոր են" համարել բոլոր տարիքային խմբերի ներկայացուցիչների բացարձակ մեծամասնությունը: Այդ երկու դեպքերն են ՀՀ քաղաքացի լինելը, որը "շատ կարևոր" է համարել 18-29 տարեկանների 46.5%-ը, և ՀՀ-ում բնակվելը, որը "շատ կարևոր" է համարել 18-29 տարեկանների 48%-ը և 30-39 տարեկանների 43%-ը: Հատկանշական է նաև, որ նշված բոլոր պայմանները կանայք ավելի շատ են կարևորում, քան տղամարդիկ: 

Ձեր կարծիքով, հետևյալ բնութագրերը որքանո՞վ են կարևոր հայ լինելու համար

Անշուշտ, ինչպես այս պայմանները, այնպես էլ հարցման արդյունքները կարելի է վիճարկել: Օրինակ, եթե կրոնն ու դավանաքն առաջնահերթ պայմաններ են, ապա ի՞նչ ազգություն ունեն Մխիթարյան միաբանները և հայ կաթոլիկ ու բողոքական համայնքի ներկայացուցիչները, Արցախյան ազատամարտի հերոս Հեթանոս Գագոն ու նախաքրիստոնեական հայկական հավատքի մերօրյա հետևորդները և, ի վերջո, որևէ կրոնի հետևորդ իրենց չհամարողներն Սփյուռքում և հենց ՀՀ-ում: Կամ էլ` միթե՞ հայ չեն տարբեր պատճառներով (առաջին հերթին` Ցեղասպանության հետևանքով) ներկայումս այլ երկրներում ապրող ու այդ երկրների քաղաքացի հանդիսացողները, բանակից չխուսափած, բայց օրինական հիմքերով պարտադիր զինծառայությունից ազատվածները:

Այսպիսի վիճելի դրվագներից խուսափելու տեսանկյունից, թերևս, հիմնավոր ուղենիշ կարելի է համարել մասնագետներից մեկիառաջարկը, ըստ որի, նախ, պետք է տարբերել միայն ծագումով հայերին` հայազգիներին, և հայերին: Իսկ հայ պետք է համար նրանց, որոնց համար, անկախ նրանից, թե որ երկրում են ծնվել, միակ հայրենիքը Հայաստանն է, ովքեր ամուր կապված են Հայաստանի տարածքի, ժողովրդի, լեզվի և մշակույթի հետ, ովքեր քայլեր են ձեռնարկում իրենց սերնդին հայ պահելու համար և անձնական պատասխանատվություն զգում Հայաստանի ճակատագրի համար: Սա, գուցե, հենց այն գաղափարն է, որը կարող է համախմբել ինքն իրեն հայ համարողներին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում` անկախ կրոնադավանաբանական պատկանելությունից, ապրելավայրից ու քաղաքացիությունից: