Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա. Գերմանիայի դեսպան


14:47 , 26 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, թեև, ըստ նրա, այսչափ ռազմական ուժի կիրառմամբ հնարավոր չի լինի խաղաղ ապագա ձեռք բերել: «Գերմանիան այս հարցում լիովին պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության լուծման մոտեցումը: Մինսկի խումբն այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներով ցույց է տվել մի ճանապարհ, թե ինչպես պետք է սկսել լուծումը՝ հասնելով մինչև խաղաղության պայմանագրի: Այժմ հակամարտ կողմերից է կախված՝ կհաղթահարե՞ն իրենք իրենց և դեպի առաջ կնայե՞ն արդյոք: Երկու կողմն էլ, հատկապես երկու պետությունների ժողովուրդները կշահեն դրանից»,– ասում է նա։

-Եվրոպան մշտապես ողջունել է ինտեգրացիոն գործընթացները՝ համարելով, որ որքան շատ լինեն նման գործընթացները, այնքան Եվրոպան և մյուս երկրներն ավելի ուժեղ կլինեն: Այսօր, երբ Հայաստանն արդեն ընտրել է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ուղին՝ դուրս մնալով եվրոպական ինտեգրացումից, Դուք համագործակցության ի՞նչ եզրեր եք տեսնում: Արդյո՞ք իրատեսական է Հայաստանի կողմից վարվող քաղաքականության «և/և»-ի մեխանիզմը:

- Եվրամիության Արևելյան գործընկերության գաղափարն է գործընկերության անդամ վեց երկրներին հնարավորություն տալ ավելի մերձենալու Եվրամիությանը, ստանձնելու որոշակի արժեքներ, բարեփոխվելու կարևորագույն ոլորտներում՝ այդպիսով բաց չթողնելով կապը մերօրյա միջազգային ստանդարտների հետ: Այդուհանդերձ՝ սրանով Եվրամիությանը որպես անդամ երկիր ինտեգրվելու խնդիր հեռանկարում դրված չէ:

Ներկայում Հայաստանը պատրաստվում է քայլ անել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամակցություն: 2015թ. հունվարի 2-ից սա պետք է իրականություն դառնա: Հայաստանը պետք է վավերացնի պայմանագրային օրենքը, այնպես, ինչպես մյուս երեք անդամ պետությունները՝ Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը պետք է անեն այդ: Այսինքն՝ մնում է սպասել, թե ինչ կլինի:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը բոլոր մյուս հնարավորությունների ավարտը չէ: Հայաստանը շարունակում է մնալ Արևելյան գործընկերության վեց երկրներից մեկը: Գերմանիայի արտգործնախարար Շթայնմայերը հոկտեմբերի 23-ին Երևան կատարած իր այցի ժամանակ հայտարարեց, որ Գերմանիան հարգում է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ինքնուրույն որոշումը, միաժամանակ նկատում է, որ Հայաստանը շարունակում է հավակնություններ ցուցաբերել Եվրամիության ուղղությամբ: Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին այդ գործում: Ուստի Հայաստանի «և/և» դիրքորոշումն ընկալելի է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ