Երեխայի թերսնուցման, դրա բացասական հետևանքների, հասարակության շրջանում առկա այդ խնդրի մասին Life.panorama.am-ը զրուցել է մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի հետ:
-Երեխայի ճիշտ սնուցման համար ո՞ր ժամկետն է առվել կարևորվում և թերսնուցման պարագայում ինչպիսի՞ բացասական հետևանքներ են առաջանում:
-Նախ ասեմ, որ Հայաստանում ծրագրեր են իրականացվում, որպեսզի բարելավվի անհատի ճիշտ սնուցումը կյանքի առաջին հազար օրերի ընթացքում: Հազար օր ասելով՝ նկատի ունենք հղիությունից մինչև երկու տարեկանը: Եթե այս շրջանում կա թերսնուցում կամ որևէ այլ բացասական գործոն, ապա դա հետագայում դարձելի չէ: Առաջանում են երեխայի աճի, զարգացման, իմունիտետի խնդիրներ, որոնք հետագա կյանքի ընթացքում այլևս շտկելի չեն:
-Փորձը ի՞նչ է ցույց տալիս, որքանո՞վ է այդ թերսնուցման խնդիրը մեզանում առկա:
-Թերսնուցման խնդիրը բնորոշ չէ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին: Ասեմ, որ խնդիրն ընդհանուր դիտարկվում է սխալ սնուցման համատեքստում, դրա մեջ մտնում է և՛ թերսնուցումը, և՛ հավելյալ քաշն ու գիրությունը: Ցավոք, մեր երեխաների 19 տոկոսը թերաճով պայմանավորված ցածր հասակ ունի։ Ապացուցված է, որ եթե թերսնուցման պատճառով երեխան ունի ցածր հասակ, ապա նրա ինտելեկտուալ զարգացումը նույնպես հետ է մնում իր հնարավոր պոտենցիալից: Այսինքն՝ հետագա կյանքի վրա է ազդում:
Տեսեք, ամբողջ աշխարհում մինչև հինգ տարեկան երեխաների 25 տոկոսը թերաճ է այսինքն՝ տարիքի համեմատ ցածր հասակ ունի և այդ ցուցանիշը նվազում է տարեկան 2 տոկոսով, սակայն մեզ մոտ այլ պատկեր է: Հայաստանում կատարվող հետազոտությունները ցույց են տալիս, որ թերաճության ցուցանիշը բարձրանում է:
-Նշեցիք, որ սխալ սնուցման մեջ մտնում է նաև հավելյալ քաշը, այդ առումով ի՞նչ ցուցանիշներ ունենք:
-Հայաստանում մինչև հինգ տարեկան երեխաների15 տոկոսը հավելյալ քաշ ունի: Մանկական հասակում հավելյալ քաշը ծայրահեղ անցանկալի է: Դա նպաստում է գիրությանը, որն էլ սրտանոթային խնդիրների, շաքարային դիաբետի և մի շարք այլ հիվանդությունների վտանգի գործոն է:
-Թերսնուցման գործընթացում կարծում եմ ոչ պակաս նշանակություն ունի կրծքով կերակրելը: Շատերը նշում են, որ բազմազբաղ են և արհեստական կերակրման են անցնում: Ինչպիսի՞ պատկեր ունենք այս առումով:
-Չեմ կարող հասկանալ, թե ինչպես կարող են բազմազբաղ լինելը որպես պատճառ ներկայացնել, քանի որ կրծքով սնուցումը շատ ավելի արագ ու հարմարավետ է: Բացի այդ, եթե մայրը կրծքով է կերակրում, ապա դրա համար գումար չի ծախսվում, իսկ արհեստական սնուցումը թանկ արժե: Թվում է, թե մայրը, որքան աղքատ է, այնքան նա պետք է ձգտի կրծքով կերակրել: Բայց իրականում բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում կրծքով կերակրելու ցուցանիշն ավելի բարձր է, քան միջին մասնագիտական կրթություն ստացած կանանց մոտ: Հայաստանում կրծքով կերակրելու ցուցանիշը բավական լուրջ առաջընթաց է ունեցել 90- ական թվականների կեսերից: Տարիների ընթացքում լուրջ բարելավում ենք նկատել: Բայց վերջին տարիներին տեսնում ենք, որ այդ միտումը կանգ է առել, կամ ավելի փոքր կամ հավասար ցուցանիշներ ենք ստանում, աճ չկա:
