13:00 , 26 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է․
Նոյեմբերի 25-ին Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով է հանդես եկել Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:
Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։
Էդվարդ Նալբանդյանը մասնավորապես ասել է.
«Որքան միջազգային հանրությունը կոչ է անում հակամարտության կողմերին պատրաստել ժողովուրդներին խաղաղության, այլ ոչ թե` պատերազմի, այնքան ավելի շատ է Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչում ռազմատենչ, պատերազմ հրահրող հռետորաբանություն, հայատյացության քարոզ, առավել ուժեղանում են հետապնդումները` փոխվստահության ամրապնդման և հաշտեցման կողմնակից ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ։ Որքան կողմերին կոչ է արվում դուրս բերել դիպուկահարներին շփման գծից և ստեղծել միջադեպերի ու հրադադարի ռեժիմի խախտումների քննության մեխանիզմ, այնքան ավելի շատ դիպուկահարների կրակոցներ, սադրիչ միջադեպեր, դիվերսիոն գործողություններ են հետևում ադրբեջանական կողմից` հանգեցնելով բազմաթիվ կորուստների:
Որքան նավթագազային եկամուտներ են մտնում Ադրբեջանի բյուջե, այնքան շատ զենք և սպառազինություն է ձեռք բերվում Բաքվի կողմից: Նախորդ տասնամյակի ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերը 136 միլիոնից հասել են 3,6 մլրդ ԱՄՆ դոլարի 2014թ.` աճելով ավելի քան քսանհինգ անգամ, և Բաքուն այժմ պարծենում է, թե եկող տարվա ռազմական բյուջեն աճելու է 27%-ով` կազմելով 4.8 մլրդ ԱՄՆ դոլար: Ադրբեջանի կողմից անհամաչափ ռազմական ծախսերը և սպառազինության ձեռքբերումը լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունությանն ու անվտանգությանը:
Բաքուն մերժել է Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման հիմնարար սկզբունքների բոլոր տարբերակները՝ ներկայացված Սանկտ Պետերբուրգում (հունիս 2010թ.), Աստրախանում (հոկտեմբեր 2010թ.), Սոչիում (մարտ 2011թ.) և Կազանում (հունիս 2011թ.) կայացած գագաթաժողովների ընթացքում: Կազանի գագաթաժողովին հետևեց հիմնարար սկզբունքների շուրջ բանակցային գործընթացի գրեթե երկու տարվա դադար: Այս ընթացքում Ադրբեջանը հաճախակիացրեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումները և սադրիչ գործողությունները։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ