Թուրք մտավորականը հաստատում է՝ Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում. Հարութ Սասունյան


02:30 , 26 նոյեմբեր, 2014

Tert.am–ը գրում է.

Վերջին տարիներին մեծանում են թուրք մտավորականների, գիտաշխատողների, լրագրողների և իրավապաշտպանների շարքերը, որոնք համարձակ դիրքորոշում են դրսևորում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ՝ ընդդեմ իրենց կառավարության ժխտողականության: Չնայած նրանց դեռևս փոքրաթիվ քանակին և նախագահ Էրդողանի վրա ունեցած չնչին ազդեցության՝ պայքարը հանուն ճշմարտության և արդարության պետք է իրականացնել երկու ճակատով՝ Թուրքիայի ներսում և դրսում: Հուսանք, որ ժամանակի ընթացքում նման ազատամիտ թուրքերի շարքերը կբազմանան՝ ստիպելով իրենց կառավարությանը բարեփոխումներ իրականացնել մի շարք հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության:

Սակայն այս առաջադեմ թուրքերին չպետք է դիտարկել որպես Հայ դատի ակտիվիստների: Նրանց հիմնական նպատակն է ապրել ժողովրդավարական հասարակության մեջ, ուր հարգում են բոլոր քաղաքացիների իրավունքները և ընդունում անցյալի մութ էջերը:

Նման արդարամիտ թուրքերից մեկը Ստամբուլի քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Չենգիզ Աքթարն է, ով երկար տարիներ պաշտպանել է Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կառավարության կողմից:

Այս տարվա սկզբին Աքթարը երկու ազդեցիկ հոդվածներ գրեց՝ վիճարկելով Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը: «Թըդեյ Զաման» թերթում ապրիլի 21-ին հրապարակված առաջին հոդվածը վերնագրված էր «99-րդ տարելիցը»: Երկրորդ հոդվածը, որ ապրիլի 24-ին տեղադրվել էր «Ալ-Ջազիրա» անգլերեն կայքում կրում էր՝ «Հայոց ցեղասպանություն. Թուրքիան տանուլ է տվել ճշմարտության համար պայքարում» խորագիրը և «հզորացող թուրք հասարակությունը այժմ վիճարկում է 1915 թվականի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ պետության ժխտողական մտածելակերպը» ենթախորագիրը:

Աքթարն իր առաջին հոդվածում Ապրիլի 24-ը նկարագրում է որպես «խորհրդանշական օր հայերի համար, որոնք բռնի ուժով սփռվել են ամբողջ աշխարհում: Այս համընդհանուր աղետը դեռևս չի ճանաչվել Թուրքիայում: Նույնիսկ այն փաստը, որ Անատոլիայի հայերն ամբողջովին բնաջնջվեցին իրենց հայրենիքում, բավարար չէ ժողովրդի և պետության համար, որպեսզի ճանաչի այն»:

Այնուհետև Աքթարը ծաղրի է ենթարկում վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ «պատմաբանների համատեղ հանձնաժողով» ստեղծելու կոչը, քանի որ այն «մի կողմից բաղկացած կլինի «ցեղասպանության փորձագետներից», իսկ մյուս կողմից՝ ուրացող պրոֆեսորներից, որոնք չեն կարող նույնիսկ հավաքվել, էլ չենք խոսում որոշում կայացնելու մասին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ