13:11 , 25 նոյեմբեր, 2014Այսօր նշվում է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը: Նոյեմբերի 25-ը կանանց դեմ բռնության միջազգային օր է հռչակվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1999 թվականին։ Նոյեմբերի 25-ը պատահականորեն չի ընտրվել։ 1960 թ.-ի հենց այս օրը Դոմինիկյան Հանրապետությունում դաժանորեն ծեծի ենթարկվեցին ու սպանվեցին քաղաքական ակտիվիստուհիներ Միրաբալ քույրերը, ովքեր պայքարում էին Ռաֆայել Տրուխիլիոյի դիկտատուրայի դեմ և ցանկանում ժողովրդավարություն հաստատել իրենց երկրում։ Աշխարհի տարբեր երկրներում այսօր անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են հասարակության ուշադրությունը հրավիրել կանանց նկատմամբ բռնության վրա։

Այսօրվանից մեկնարկում է գենդերային բռնության դեմ 16-օրյակը, որը կավարտվի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրը։ ՄԱԿ-ը կոչ է անում 16-օրյակի շրջանակներում միանալ «UNiTE» միջազգային քարոզարշավին՝ իրականացնելով կանխարգելիչ ու իրազեկիչ միջոցառումներ։ Այս տարի իբրև կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գույն ընտրվել է նարնջագույնը։ Այս գույնը խորհրդանշում է բռնությունից զերծ պայծառ ապագա։ Առաջարկվում է կրել նարնջագույն հագուստ, փողոցներում փակցնել թեմատիկ նարնջագույն պաստառներ և այլն։ Հայաստանում ևս իրականացվելու են բազմաբնույթ միջոցառումներ, օրինակ՝ քայլերթ, խնկարկություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց, Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագծի բաժանում Ազգային ժողովի պատգամավորներին։
Երեկ Բրյուսելում Եվրամիության ներկայացուցիչներ Ֆեդերիկա Մոխերինին և Վերա Ջոուրովան հանդես են եկել համատեղ պաշտոնական հաղորդագրությամբ, որը ստորև ներկայացնում ենք որոշ կրճատումներով։

«Խտրականությունն ու կանանց նկատմամբ բռնությունը շարունակվում են ողջ աշխարհում։ Կանայք ենթարկվում են հալածանքների ու ծեծի, բռնաբարվում և սպանվում անգամ իրենց իսկ տներում։ Եվրամիությունում 3 կանանցից 1-ը ֆիզիկական և/կամ սեռական բռնության է ենթարկվել 15 տարեկանից սկսած։ Եվրամիությունից դուրս գտնվող երկրներում աղջիկներին չեն թույլ տալիս դպրոց հաճախել, ստիպում են ամուսնանալ իրենց չսիրած մարդկանց հետ:
Եվրոպական հանձնաժողովը և Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայությունը շարունակում են աղջիկների սեռական խեղումը վերացնելու դեմ պայքարը։ Եվրամիությունը ֆինանսավորում է սոցիալական փոփոխությանը նպաստող ու այս սովորույթը կանխարգելող նախագծերը, ինչպես նաև աջակցություն ցուցաբերում սովորույթի զոհերին։
2015 թ.-ին Եվրոպական հանձնաժողովը զարգացման նոր օրակարգ կմշակի գալիք տարիների համար։ Գենդերային հավասարությունը, կանանց հզորացումը, ինչպես նաև կանանց և աղջիկների նկատմամբ բռնության բոլոր տեսակների և վնասակար ավանդույթների վերացումը աղքատության հաղթահարման ու կայուն զարգացման կարևոր նախապայմաններն են։ Եվրամիությունը խստագույնս դատապարտում է կանանց ու աղջիկների նկատմամբ բռնությունը»։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև մանկահասակ ամուսնությունների մասին այս հոդվածը։