17:56 , 22 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում
Tert.am-ը ի մի է բերել և ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ԼՂՀ ՌՈՕ ՄԻ-24 ուղղաթիռի խոցման, դրան հետևած տեղական ու միջազգային արձագանքների 10-օրյա ժամանակագրությունը և այսօրվա «հանգուցալուծումը», երբ ԼՂՀ ՊԲ հատուկ նշանակության գործողության արդյունքում «հանգուցալուծեց» իրավիճակը՝ զոհված անձնակազմի մասունքների հետ վերադարձով:
Նոյեմբերի 12. ժամը 13։45
Հաղորդվեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13։45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ խստորեն դատապարտվում է ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցումը և հավելվում. «Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»:
Հավելվում է, որ ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողովներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին: Այսպիսով՝ կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
Նոյեմբերի 12
Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Իգոր Պոպովը` ՌԴ-ից, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ-ից, Պիեռ Անդրիոն` Ֆրանսիայից) լուրջ մտահոգություն են հայտնում ու խստորեն դատապարտում են շփման գծում հայկական ուղղաթիռի կործանման և վերջին բռնությունների առնչությամբ: «Խստորեն կոչ ենք անում կողմերին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին: Տարածաշրջանը չի կարող դիմակայել ևս մեկ բռնության, որին ականատես եղանք ամռանը: Մենք նախկինի պես մտադիր ենք աջակցել կողմերին ամեն հնարավոր ձևով», -ասվում է համանախագահների հայտարարության մեջ:
Նոյեմբերի 12, Բրյուսել
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը՝ Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական ռազմական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում:
Նոյեմբերի 13, Մոսկվա
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարություն է տարածում ադրբեջանական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում ուղղաթիռի կործանման առնչությամբ՝ նշելով, որ այդ վտանգավոր միջադեպը տարածաշրջանում իրադրության հետագա սրացում է հրահրում:
«Այս վտանգավոր միջադեպը հրահրում է տարածաշրջանում իրավիճակի հետագա սրացում և ուժեղացնում է մեր անհանգստությունը»,- ասված է Բորդյուժայի հայտարարության մեջ և հավելվում.««Այսօր մենք հրադադարի մասին պայմանավորվածությունների նոր խախտման ականատես եղանք: Ուղղաթիռի ոչնչացումը բռնության վտանգավոր դրսևորում է: Առաջացել է հակամարտության սրման նոր փուլի սպառնալիք: Հարավային Կովկասում իրավիճակը դառնում է է՛լ ավելի սրված»:
Նաև հավելվում էր, որ ՀԱՊԿ-ը խորապես համոզված է իրավիճակի սպառնալից զարգացումը թույլ չտալու անհրաժեշտության հարցում և ընդգծվում է, որ ամենակարևորը՝ պետք է կանխել իրադարձությունների նման շրջադարձը,հրաժարվել ուժի կիրառումից խստագույնս պահպանել հրադադարի մասին պայմանավորվածությունները, ապահովել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի շարունակությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ