Վրացական էսքիզ հայկական վերջաբանով


10:49 , 20 սեպտեմբեր, 2012

Տե՜ս, օտարական, թե ինչ հավատավոր է վրացուհին – ձեռքի անպարագիծ, թատերական շարժումով նա խաչակնքեց իրեն և իր հետ՝ իր գեղեցիկ հայրենիքը… Սպիտակ պարանոցը – հառնած սև զգեստի միջից – դողդոջ խոնարվեց Արարչի առջև, լայն ճակատի վրայով խռովք անցավ… Այս չծերացող-մանուկ ցեղը սիրում է ցուցադրել իր հավատը - և ոչինչ չկա դրանում այպանելի…

Նույն ակնթարթին համեմատությունն արեցի – օ՜, մարդուս վաղնջական սովորություն, - և աչքիս առջև ելավ մատուռի դռանը մոտեցող հայ գեղջկուհին. քայլքը շտապ է, չուշանա հանկարծ, հոգնած ու արևառ ճակատին հանգչում է լաչակի քարե հանգույցը, թեք կապած բրդե շալը պաշտպանում է աշնան ցրտերից… Մոտեցավ, մի կարճառոտ, գրեթ անտեսանելի խաչ հանեց – 1700 տարին ի՞նչ ժամանակ է, որ խաչակնքելը մտնի արյան մեջ, - չոր շուրթերը տենդագին հպեց սառը քարին, հոգնած կրծքից դուրս թռան առաջին բառերը. «Կապույտ կապավոր…»

Թող վրաց երգիչը երգի չքնաղ վրացուհու հավատը… Իսկ ես երգում եմ մեր լեռների տիրուհու խոնարհ գեղեցկությունը…