Անվճար սոցկայքերն ավելի թանկ են նստում մեզ վրա


14:00 , 22 նոյեմբեր, 2014

Տեխնոլոգիաների շնորհիվ այսօր մենք բոլորս հեղինակներ և ընթերցողներ ենք դարձել։ Մենք ունենք մեր սեփական հրապարակախոսները, սոցիալական քարտուղարները, գործակալներն ու դեսպանները։ Թեպետ որոշ մարդիկ դեռ զգուշանում են սոցիալական մեդիայից, մեզնից մեծ մասի համար «ինքնություն» ասվածը կազմված է անթիվ-անհամար մեկնաբանություններից, թեգերից, ստատուսներից ու նկարներից։

babys and mans hand on keyboard

Մի բան վաղուց հայտնի է թե՛ հրապարակախոսներին, թե՛ դեսպաններին, այն է՝ մենք չենք կարող վերահսկել մեր խոսքերի հետագա կյանքը։ Հենց որ դրանք գրվում կամ արտաբերվում են, դրանք դառնում են աշխարհի սեփականությունը, սոսկ հումք տեսակետների ու բամբասանքների աղացի համար, անվերջ մեջբերումների ու խեղաթյուրման առարկա։ Մեր օնլայն զեղումները նույնպես անհնար է մոռացության մատնել։ Տվյալները կուտակվում են և կարող են անկանխատեսելի կիրառություն ստանալ։ Սա դեռ չի նշանակում, որ պետք է հույսը կտրել ու իսպառ մոռանալ զգուշության մասին։ Դեռահասի կողմից ինտերնետում տեղադրված հազարավոր բառերն ու նկարները ի՞նչ նպատակով կարող են օգտագործվել տասնամյակներ անց, էլ չասած գիգաբայթներով տեղեկատվության մասին, որում արձանագրված է նրա առցանց գործողությունները։

Վերջերս Եվրամիությունը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել տվյալների պաշտպանությանը վերաբերող կանոնների վերանայմանը։ Այնուամենայնիվ, ըստ որոշ մարդկանց՝ սա անօգուտ պայքար է. այս պայքարում անհնար է հաղթել։ Երբ դու գրանցվում ես այս կամ այն ծառայությունում՝ ընդունելով դրա պայմանները, դու արդեն իսկ պետք է գիտակցես, թե ինչի մեջ ես մտնում։ Իսկ եթե դու անվճար ես օգտվում տվյալ ծառայությունից, դու պետք է ընդունես, որ քո բառերն ու օնլայն գործողություններն ինքնին այն արտադրանքն են, որ վաճառվում են տվյալ ծառայության կողմից։

Սա սուր փաստարկ է, որի բովանդակությունն է.

Ձայնդ կտրի՛ր ու համակերպվի՛ր կամ մաքրվի՛ր այստեղից։

Այնուամենայնիվ, այս փաստարկը շրջանցում է մի շատ կարևոր կետ. տրամադրելով քո անձնական տեղեկատվությունը օնլայն վաճառականներին՝ դու կարող ես զրկվել մի շարք բաներից, օրինակ՝ այս կամ այն պաշտոնին հավակնելու հնարավորությունից։ Անձնական գաղտնիությունը նմանվել է այն ժայռին, որի վրա հիմնվում է տեխնոլոգիայի ուտոպիստական տեսլականը։ Ըստ այս տեսլականի՝ աշխարհի առաջ բաց լինելն առավելություն է, իսկ անվճար հիմունքներն ասոցացվում են ազատության հետ։ Այս տեսլականին դժվար է հավատ ընծայել, եթե գիտակցում ես քո ինքնության զգալի մասը կողմնակի անձանց ու կազմակերպություններին տրամադրելու հետևանքները։

Գիտնական Ջարոն Լենիերը իր «Ո՞ւմ է պատկանում ապագան» գրքում նշում է.

Մենք հեշտությամբ մոռանում ենք, որ «անվճար» հիմունքները ենթադրում են, որ ուրիշ մեկն է որոշելու, թե ինչպես դու ապրես։

Օնլայն բիզնեսում մեծամասամբ շատերի մանրակրկիտ ու հաճախակի թարմացվող անձնական տվյալներն ուղիղ համեմատական են քչերի շահույթին։ Այս երկու բևեռները հավասարակշռության բերելը բավականին բարդ է, սակայն հանուն դրա արժե պայքար մղել։ Որոշ տեղեկատվական համակարգեր ներկայումս այնպես են աշխատում, կարծես մենք ինքներս ոչ այլինչ ենք, քան չոր տվյալներ։  Անշուշտ, սա թյուր համոզմունք է։ Ինչպես Լանիերն է ասում,  «...մարդիկ տեղեկատվության միակ աղբյուրն ու հանգրվանն են, և միայն մարդիկ են իմաստավորում ցանկացած տիպի սարքավորում»։ Ուստի մենք պետք է կարողանանք ըստ արժանվույնս գնահատել ինքներս մեզ։ 

Հեղինակ՝ Թոմ Չեթֆիլդ