Չեք պատկերացնի ինչ ուրախություն ապրեցի, երբ իմացա, որ Լեռնային Ղարաբաղում անցկացված օպերացիան ավարտվել է առանց կորուստների: Life.panorama.am-ի հետ այսպես սկսեց զրույցը նախկին հետախույզ Վովա Վարդանովն՝ անդրադառնալով ԼՂՀ հատուկ ստորաբաժանումների իրականացրած օպերացիային, որի արդյունքում տարհանվել են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Այդ ամենն արվել է առանց կորուստների:
«Հերթական անգամ ապացուցվեց, որ մեր հետախոզությունը բարձր մակարդակի վրա է: Ապրեն տղաները, փառք ու պատիվ իրենց, առանց կորստի կարողացել են կատարել իրենց առջև դրված խնդիրը: Ինձ տանջում էր այն միտքը, որ հանկարծ նման գործողութան ժամանակ կարող էինք կորուստ ուեննալ: Կեցցեն տղաները, հայկական զինված ուժերը կարողացել է նման քայլի գնալ առանց կորստի»,-ասաց Վովա Վարդանովը: Նրա խոսքով, ինքը՝ որպես մասնագետ, շատ լավ պատկերացնում է գործողության դժվարությունը: «Իսկապես հրաշալի է, մերոնք թուրքերի դիրքերից 50 մետր հեռավորության վրա այսպիսի օպերացիա են կարողանում իրականացնել, դա խոսում է մեր Զինված ուժերի բարձր պատրաստվածության մասին»,-ավելացրեց հետախույզը:
