«Հայկական ժամանակ». ԵԱՀԿ–ն թռած է. ԱԺ միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով


08:43 , 21 նոյեմբեր, 2014

«ԱԺ նիստերի դահլիճին կից սրահում երեկ տեղի ունեցավ Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի համագործակցության արդյունքում հայերեն թարգմանված և հրատարակված մի շարք գրքերի շնորհանդեսը:

Ուշագրավ է, սակայն, որ ԵԱՀԿ-ն միջոցառմանը ներկայացել էր ոչ ներկայացուցչական մակարդակով: Շնորհանդեսին ներկա էր ԵԱՀԿ քարտուղարության ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերով ստորաբաժանման հետազոտությունների և վերլուծությունների խորհրդական Տորստեն Շտոդիկը: Պատճառը, ինչպես նշում էին պատգամավորները ոչ պաշտոնապես, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խոցված ուղղաթիռի վերաբերյալ ենթադրվող հարցերի տարափն է եղել, որոնցից այդ կերպ փորձ են արել խուսափել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաները»–գրում է թերթը: