Չկան հավերժ դաշնակիցներ և սկզբունքներ, կան հավերժ շահեր և հաճախորդներ


23:04 , 19 նոյեմբեր, 2014

Երևակայական հաճախորդները

Քաղաքական դաշտը, որպես առողջ և գործող օրգանիզմ, կատարյալ է, երբ այնտեղ առկա են և գործունեություն են ծավալում քաղաքականությունն ավելի պլյուրալիստական դարձնող ինստիտուտները՝ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, շարժումները, նաև ԶԼՄ-ը: Սրանք հանդիսանում են դեմոկրատական և բաց հասարկության կայացմանը նպաստող հիմնական նախապայմանները:

ՀՀ քաղաքական դաշտը, որպես այդպիսին, ունի իր սպեցիֆիկությունը` այստեղ առկա են և՛ ակտիվ ՀԿ-ներ, և՛ հասարակական շարժումներ, մասնակի անկախ, բայց` ազատախոս ԶԼՄ-ներ: Այս շղթայի կարևորագույն օղակը՝ կուսակցական համակարգը, որպես մեխանիզմ ունի բավականին ակնհայտ թերություններ:
ՀՀ-ում գործում են 80-ից ավելի կուսակցություններ (եթե շարժվենք թվային չոր հաշվարկներով, ստացվում է, որ Հայաստանում 1,5 միլիոն մարդ կուսակցական է, այսինքն՝ ՀՀ-ն գերքաղաքականացված պետություն է), որոնցից, սակայն, ակտիվ քաղաքականության մեջ գտնվում են 10-15-ը, մնացած 70 կուսակցություններն իրենց տեսակով «փուչիկ» կառույցներ են, որովհետև ձևավորվում և սկսում են գործել մեկ մարդու շուրջ. մարդ-կուսակցություններ են:
Այս մինի ուժերի համար էական չէ, թե որ դաշտում են իրենք հայտնվել, ինչպիսի արժեհամակարգեր որդեգրել, որպեսզի ընդունելի լինեն հասարակության համար, այս կատեգորիաները նրանց համար չեն, նրանց մոտ տարածված պրոցես է կազմակերպած ճամբարափոխությունը, անսկզբունքայնությունը:
Այս ապաքաղաքական մինորներն իրենց առաջ, որպես նպատակ, դնում են առօրեական հացի խնդիր լուծելու հարցը, և ըստ այդմ էլ իրենց «քաղաքական որոշումները» կազմակերպում են այդ «գլոբալ խնդրի» առաջնային կարգավորման շրջանակներում:
Քաղաքականությունը դեռ անտիկ ժամանակերից հայտնի է որպես անբարո «աշխատանքային ոլորտ», իսկ այնտեղ «աշխատող անձանց» համապատասխան որակումներ էին տալիս՝ հատկապես նրանց, ովքեր դավաճանում էին իրենց սկզբունքներին և փոխում ունեցած դիրքորոշումները՝ սկսելով քիրվայություն անել մի դաշտում, որտեղ իրենք հայտարարում են persona non grada:
Մտահոգությունս ավարտեմ Ուիստոն Չերչիլին մի փոքր խմբագրելով. «Չկան հավերժ դաշնակիցներ և սկզբունքներ, կան հավերժ շահեր և հաճախորդներ»: