Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Սասունյան


10:48 , 19 նոյեմբեր, 2014

Ադրբեջանին զենք վաճառող երկրները նույնքան մեղավոր են Արցախի վրա հարձակումների համար. Սասունյան  Panorama.am-ը գրում է․

Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը ոճրային արարք գործեցին՝ խփելով հայկական անզեն ուղղաթիռը Արցախի սահմանամերձ տարածքում և սպանելով անձնակազմի երեք սպաներին: 1994 թվականի հրադադարից ի վեր Ադրբեջանի հարձակումը հայկական օդանավի վրա աննախադեպ էր:

Հայաստանը ոչ միայն պետք է հակահարված տա Ադրբեջանին, այլ նաև ձեռնարկի դիվանագիտական բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բացահայտելու և դատապարտելու այն երկրին, որի վաճառած հրթիռների միջոցով Բաքուն խոցել է հայկական ուղղաթիռը: Պետք է նշել, որ վերջին տարիներին Իսրայելը և Ռուսաստանը միլիարդավոր դոլարների ժամանակակից ռազմական տեխնիկա են վաճառել Ադրբեջանին:

Այս անարդար հարձակումը մասամբ պայմանավորված է 20-ամյա սահմանային փոխադարձ հրաձգություններով, որի ընթացքում ադրբեջանցի հրաձիգները սպանում են հայերին, իսկ հայ զինվորները պատասխան կրակով՝ ադրբեջանցիներին: Բաքվի իր պալատում նստած Ալիևը, կարծես թե, ամենևին էլ չի անհանգստանում երիտասարդ ադրբեջանցիների կորստով, քանի հավասար թվով հայեր են զոհվում, որովհետև ադրբեջանցիները (մոտ 10 միլիոն) մի քանի անգամ ավելի են, քան հայերը (3 միլիոնից քիչ) իրենց երկրներում: Ալիևի համար ադրբեջանցի զինվորների զոհաբերումը ձեռնտու ներդրում է՝ միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան չլուծված հակամարտության վրա սևեռելու նպատակով:

Համայն հայության վրդովմունքը որոշ չափով փարատվեց, երբ Հայաստանի և Արցախի ղեկավարները հայտնեցին իրենց լուրջ մտադրությունը՝ պատասխանել ադրբեջանական վերջին հարվածին զանգվածային և անհամաչափ հարձակմամբ: Մնում է միայն հուսալ, որ հայկական լայնածավալ հակահարձակումից հետո Ալիևը կհասկանա, որ Ադրբեջանը շատ թանկ է վճարում իր կործանարար ռազմական արկածախնդրության համար: 

Ցավոք, հայերի կողմից խոշոր հակահարձակման չանցնելը նախորդ տարիներին խրախուսել է բռնակալ Ալիևին՝ դիմելու ավելի լկտի հարձակումների՝ կիզակետին հասնելով անցյալ շաբաթվա անզեն ուղղաթիռի խոցումով: Ո՞րն է հաջորդը: Քաղաքացիական ինքնաթիռի պայթեցո՞ւմը մեծ թվով հայ ուղևորներով, ինչպես որ նա բազմիցս սպառնացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ