Գյուղատնտեսական տարին ամփոփվում է արտադրության զգալի աճով


06:30 , 19 նոյեմբեր, 2014

Lurer.com–ը գրում է.

Գյուղատնտեսական տարին 2014 թվականին եզրափակվում է բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի արտադրության ծավալների աճի ցուցանիշներով, բացառությամբ պտղի, որն էլ պայմանավորված էր տարեսկզբի կլիմայական վատ պայմաններով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը` ամփոփելով գյուղատնտեսական ընթացիկ տարվա բուսաբուծության ոլորտի արդյունքները: Փոխնախարարի խոսքով` ցրտահարության հետևանքները զգալի են եղել հատկապես ծիրանի և ընկույզի արտադրության պարագայում: «Եթե 2013 թվականին արտադրվել էր ծիրանի 88.8 հազար տոննա համախառն բերք, ապա այս տարի ծիրանի արտադրության ընդհանուր ծավալը կազմել է ընդամենը 14.9 հազար տոննա: Ընկույզի արտադրության ծավալները ևս զգալիորեն նվազել են` 2013 թվականի 4.8 հազար տոննայի փոխարեն կազմելով մոտ 3 հազար տոննա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց փոխնախարարը:

Գալստյանի խոսքով` ընդհանուր առմամբ այս տարի բուսաբուծության ոլորտը բավականին լավ տեղաշարժեր ունի նախորդ տարիների համեմատ: «Օրինակ, եթե նախորդ տարի կատարվել էր շուրջ 106 հազար հեկտար աշնանացան, ապա այս տարի արդեն իսկ 110 հազար հեկտար աշնանացան ունենք, թեև աշխատաքները դեռ շարունակվում են: Նախորդ տարի ընհանուր առմամբ արտադրվել էին 548 հազար տոննա հատիկաընդեղենային մշակաբույսեր, իսկ այս տարի օպերատիվ տվյալներով` 590 հազար տոննա, իսկ միջին բերքատվությունը կազմել է 32-33 ցենտներ: Ցորենի արտադրության ծավալները ևս աճել էն` կազմելով 340 հազար տոննա` նախորդ տարվա 311 հազար տոննայի փոխարեն»,- ասաց Գալստյանը:

2011-2014 թվա­կաններին գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքա­տարա­ծություններն ավելացել են 49.1 հազ. հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը 2014 թվականին կազմել է 74.2 տոկոս, 2010 թվականի 63.2 տոկոսի դիմաց: 2014 թվականին ցանքատարածությունների համեմատաբար բարձր աճ է գրանցվել Արմավիրի (8.3 տոկոս), Արագածոտնի (7.5 տոկոս) և Արարատի (6.6 տոկոս) մարզերում: