Այսօր իր ծննդյան 30-ամյակն է նշում Smile-իկը :)


09:42 , 19 սեպտեմբեր, 2012

«Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս, այն հարստացնում է նրան, ով ստանում է՝ չաղքատացնելով նրան, ով տալիս է: Բայցեւայնպես այն հնարավոր չէ գնել, մուրալ, գողանալ կամ պարտքով տալ, որովհետեւ այն իրենից ոչինչ չի ներկայացնում, մինչեւ այն չեն տալիս»: Դեռ տարիներ առաջ ժպիտի մասին  այսպես էր արտահայտվում մարդկային հոգու գիտակ Դեյլ Կարնեգին: Շատերի համար այն դարձավ  երջանկության թեորեմը, ոմանք փորձեցին ապացուցել այն, ոմանք էլ բացառություններ գտնել: Նրանք, ովքեր փորձել էին ապացուցել, այժմ երջանիկ են ու բազմոցին նստած հանգիստ խղճով կարդում են իրենց ընկերների գտած բացառությունները՝ թե ինչպես են գեղեցիկ ժպիտով գնվել երկրներ, տեղի ունեցել պատերազմներ ու կնքվել ճակատագրական գործարքներ: Բայց ընթերցանությունը շուտով ընդհատվում է, երբ վարագույրի ետեւից մի պահ երեւում են ժպտացող աչքերը… 

Բոլորիս հայտնի ժպիտի խորհրդանիշը հետաքրքիր պատմություն ունի: Կարելի է ասել՝ ծնվել է պատահաբար, երբ  Մասաչուսեթսցի  գովազդային գործակալ Հարվեյ Բոլլը  երկու ապահովագրական ընկերությունների միաձուլման հետեւանքով առաջացած աղմկալի իրավիճակը մեղմելու նպատակով ստեղծեց  շրջանաձեւ մուլտանման պատկերը, որը դարձավ ժպիտի եւ խաղաղության խորհրդանիշը: Մասաչուսեթսի  հայտնի ապահովագրական ընկերությունը մեկ այլ ընկերության հետ էր միավորվել, որը վատ ազդեցություն էր թողել ընկերության համբավի վրա: 1964թ-ին ապահովագրական ընկերությունը նախաձեռնում է «ընկերական արշավ»՝ համաձայն որի աշխատակիցները պետք է միշտ ժպտային՝ մեղադրանքներին պատասխանելիս, տուգանք վճարելիս կամ ոչ ցանկալի հուշագիր ստորագրելիս: Հենց այդ ժամանակ էր, որ ընկերությունը դիմեց Հարվեյ Բոլլին գրաֆիկական աջակցության համար: Ասում են, Բոլը վերցրեց գրիչը եւ ձեռքի տակ ընկած առաջին իսկ դեղին թղթի վրա մի կլոր շրջան գծեց , մեջը մի քանի ուռուցիկ գծեր քաշեց..եւ.. Ընդամենը 10 րոպեում ծնվեց աշխարհի ամենաբարի ժպտացող դեմքը: 45$ տվեցին աշխատանքի համար, եւ դա միակ վարձատրությունն էր, որ Բոլլը երբեւէ ստացավ «ամենափրկարար ժպիտով ժպտալու» համար: Ոչ Բոլլը, ոչ էլ ապահովագրական ընկերությունը չպատենտավորեցին ժպտացող դեմքը:

Հետագայում ֆիլադելֆիացի Սփեյն եղբայրները, ովքեր զվարճալի պատկերներ էին ստեղծում, նկարեցին ժպտացող դեմքը եւ ավելացնելով «թող լավ օր լինի քեզ համար» բառերը՝  պատենտավորեցին սիմվոլն ու խոսքերը: Դրանից հետո բազմաթիվ բացիկներ, հագուստներ, զարդեր եւ շատ այլ իրեր էին պատրաստվում, որոնք իրենց վրա կրում էին ժպտացող դեմքը: Ոգեւորությունը շարունակվեց  մոտ մեկուկես տարի, իսկ 1972 թ-ին ժպտացող դեմքով ամրակների վաճառքը հասավ 50 միլիոնի:

Ժպտացող դեմքը համերաշխությկան խորհրդանիշ դարձավ ամերիկացիների մի ողջ սերնդի համար եւ 1999թ-ից սկսեց նշվել ժպիտի համաշխարհային օրը:

Այդ ժամանակներից սկսած ժպիտների հանրահայտ ընտանիքում սկսեցին ծնվել նոր անդամներ՝ սերը, հույսը, բերկրանքը, արհամարհանքը, չարությունն ու ցասումը… ու անգամ որոշ կենդանիներ՝ օրինակ շնիկն ու պինգվինը: Երկու ժպիտներից ծնվեց համակրանքը, այնուհետեւ սերը, սիրուց էլ կասկածը…մի օր էլ չարությունը:  Այս ընտանիքում եւս, ինչպես բոլոր ընտանիքներում, առկա էին բոլոր հույզերը, բայց այստեղ …

Ժպիտը լաց է լինում, ժպիտը բարկանում է, հուզվում, պայքարում, բայց ամենակարեւորը՝ ժպիտը ժպտում է եւ մնացած բոլոր զգացմունքներն արտահայտում ժպիտի միջոցով: