Doctors.am-ը գրում է․
Խաղալիքները երեխայի կայնքում խիստ կարևոր դեր ունեն: Դրանց հետ երեխաները զարգանում ու աճում են, քնում գիշերներն ու լողանում լոգարանում: Հետևաբար, շատ կարևոր է գնել ոչ միայն գեղեցիկ, այլ նաև անվտանգ ու ճիշտ խաղալիքներ:
1. Խաղալիքներ գնեք միայն մասագիտացված մանկական խանութներից
Խորհուրդ չի տրվում մանկական խաղալիքներ գնել շուկայից, չէ՞ որ այս դեպքում խաղալիքը հավաստագիր կամ որակը հաստատող այլ փաստաթղթեր չի ունենա: Իսկ խանութում կարող եք պահանջել ներկայացնել խաղալիքի որակը հաստատող բոլոր փաստաթղթերը: Մեծ խանութների ցանցում հայտնվելու առաջ խաղալիքներն անցնում են հետազոտություն: Ստուգվում է նրանցում տոքսիկ նյութերի առկայությունը` կապար, մկնդեղ, սնդիկ, սելեն, բարիում: Կարևոր է նաև, որ խաղալիքի պաշտպանիչ-դեկորատիվ թաղանթը դիմացկուն լինի թքի և քրտինքի հանդեպ: Շուկայում կարող են հայտնվել նաև խաղալիքներ, որոնք չափազանց բարձր ձայներ են արձակում:Փափուկ խաղալիքները պետք է խնամքի ու մաքրման ցուցումներ ունենան: Դրանք շատ արագ փոշի են հավաքում իրենց վրա, ինչը կարող է նպաստել երեխայի մոտ ալերգիայիզարգացմանը:
2. Քիմիական անվտանգություն
Ցավոք, ոչ բոլոր խաղալիքներն են (հատկապես էժանագին չինականները) ներկվում էկոլոգիապես մաքուր ներկերով: Երբեմն ներկի կազմի մեջ մտնում են նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար: Հետևաբար , կարևոր է գնելուց առաջ ծանոթանալ խաղալիքի օգտագործման ցուցումներին: Եթե խաղալիքը պարունակում է պոլիվինիքլորիդ, ֆտալատլեր, բիսֆենոլ, կապար՝ հրաժարվեք այն գնելուց:
3. Համապատասխանությունը իրականությանը
Հոգեբանները խորհուրդ են տալիս հրաժարվել ոչ իրական կերպարներ պատկերող խաղալիքներից` զոլավոր շներից, կարմիր ճագարներից, աստղերով զարդարված կովերից: Այսպիսի խաղալիքները կարող են երեխայի մոտ աշխարհի մասին սխալպատկերացում ձևավորել:
4. Անվտանգությունը առողջության համար
3 տարեկանից փոքր երեխաներին արգելվում է տալ խաղալիքներ՝ փոքր կամ վատ ամրացված դետալներով: Նա կարող է կուլ տալ դրանք, կամ մտցնել ականջը, քիթը...
Խորհուրդ չի տրվում նաև գնել չափազանց աղմնկոտ խաղալիքներ. Դրանք կարող են վնասել երեխայի նուրբ ու զգայուն ականջը: Ինչպես նաև, աղմուկի չափազանց բարձր մակարդակը կարող է հանգեցնել երեխայի գրգռվածության, գլխացավերի ու քնի խանգարման:
Խաղալիքի պարաններն ու թելերը պետք է կարճ լինեն, որպեսզի երեխան չկարողանա դրանք փաթաթել պարանոցին:
Ուշադիր եղեք, որ խաղալիքը սուր եզրեր չունենա, այլապես երեխան խաղի ընթացքում կարող է վնասել ինքն իրեն: