00:44 , 16 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Բելգիացի երկու դիզայներներ ստեղծել են ուտելիքի համար նոր տարաներ, որոնք օգտագործելուց հետո կարելի է ուտել, գրում է factroom.ru կայքը: Դրանք էկոլոգիապես մաքուր են, հաճելի համ ունեն և փրկում են սպասք լվալու տանջալից աշխատանքից:
Գաղափարը երիտասարդ գործարարներ Էլեն Հոյիսի և Թիբո Ջիլկինի մոտ ծագել է տոնական մի երեկոյից հետո, երբ երիտասարդները ստիպված են եղել լվանալ մեծ քանակությամբ սպասք, և Թիբոն կատակով ասել է . «Ի~նչ լավ կլիներ ուտել այս ամբողջը»:
Հետագայում Հոյիսը և Ջիլկինը լրջորեն սկսել են մտածել այդ կատակ-գաղափարի շուրջ: Մի քանի անհաջող փորձերից հետո նրանց հաջողվել է ստեղծել տարաներ, որոնք պատրաստված են կարտոֆիլի օսլայից, ջրից և յուղից: Այս նյութը բավականին ամուր է, որպեսզի նրա մեջ հնարավոր լինի լցնել ապուրներ և սոուսներ, սակայն դրա հետ մեկտեղ այն հեշտ յուրացվում է օրգանիզմի կողմից:
«Տարաները մարսվում են, ինչպես ցանկացած թեթև սնունդ: Նրանք չեզոք համ ունեն և հարմար են ինչպես քաղցր, այնպես էլ աղի ուտեստների համար»,- պարզաբանում է 25-ամյա Հելենը:
Առաջին նմուշը ստեղծելուց հետո, այն մեծ հաջողություն է ունեցել: Երիտասարդները նաև նյութական աջակցություն են ստացել Wallonia Creative ընկերության կողմից: Այժմ նրանք Բրյուսելից մոտ 30 կմ հեռավորության վրա ունեն իրենց սեփական գրասենյակը, որտեղ աշխատում են ավելի քան 30 աշխատակիցներ:
Հելենը կարծում է, որ իրենք յուրահատուկ բան են ստեղծել, բայց դեռ շատ աշխատանք ունեն: Նրանք նախատեսում են ստեղծել սպասքի այլ ուտելի պարագաներ՝ բաժակներ, դանակներ, պատառաքաղներ, ափսեներ:
«Մենք նույնիսկ չենք աշխատում, այլ պարզապես անում ենք այն, ինչը մեզ դուր է գալիս,- ավելացնում է Թիբոն,- Մենք նոր սպասք ենք արտադրում, քանի որ դա օգտակար կլինի շատ մարդկանց համար»: