18:36 , 15 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ավստրալիայում անցկացվող G20-ի գագաթնաժողովում:
Ուկրաինայում իրավիճակն անբավարար է, օրվա օրակարգում է պատժամիջոցների ցուցակի ընդլայնումը:
Գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է Մերկելի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ չի սպասում «անակնկալ որակական փոփոխությունների»:
Նախագահ Պուտինը Բրիսբենում պատասխանելով Անգելա Մերկելի հետ վատթարացող հարաբերություններին առնչվող հարցին՝ նշել էր, թե Ռուսաստանը գործում է ելնելով շահերից, ոչ թե համակրանքներից կամ հակակրանքներից, ինչպես և հենց ինքը՝ Գերմանիայի կանցլերը, ուստի Պուտինը հարաբերություններում «զգալի փոփոխություններ» չի նկատել:
Խոսելով պատժամիջոցների մասին՝ Պուտինը նշել է, որ դրանք հակասում են G20-ի սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքին, համաձայն որի՝ պատժամիջոցները կարող են սահմանվել ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի հովանու ներքո:
Այս պահին Բրիսբենում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպումը: