Հայկական կողմը դեռ չի կարողացել մոտենալ խոցված ուղղաթիռին


12:17 , 15 նոյեմբեր, 2014

Հայկական կողմը դեռ չի կարողացել մոտենալ խոցված ուղղաթիռինSlaq.am-ը գրում է․

Հայկական կողմն առայժմ չի կարողացել մոտենալ վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին: Այս մասին ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ են պահում: Գիշերը հակառակորդը կրակել է, բայց վիճակը համեմատաբար կայուն է:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է: