09:12 , 15 նոյեմբեր, 2014
«Չորրորդ իշխանություն» թերթը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ զրուցել է Ադրբեջանի կողմից ԼՂՀ ԶՈՒ ուղղաթիռի խոցման միջադեպի մասին։ Հատված հարցազրույցից.
«Ասացիք, որ մեր պատասխանը պետք է լինի քննադատությունը: Դա բավարա՞ր է սաստելու համար Ադրբեջանին: Փորձը ցույց է տալիս, որ քննադատությունը չի օգնում:
Չէ, գիտեք, մենք բոլոր դեպքերում պետք է զգույշ լինենք… Պատասխան էլի կստանան, բայց զորավարժություններ կան, քաղաքական հարցեր կան, գեոպոլիտիկա է: Ղարաբաղը պատերազմ հայտարարելու իրավունք առանց Հայաստանի չունի: Մենք հստակ պատասխան կտանք, բայց նախահարձակը… Ղարաբաղի ուժերը բավարար չեն, որ պատերազմի մասին հայտարարություն անեն, պետք է Հայաստանի հետ միասին հայտարարեն, իսկ էդ ժամանակ մենք չենք դիտվի խաղաղասեր, դրա համար նման քայլեր նախաձեռնել պետք չի, թեպետ ես դրա կողմնակիցն եմ: կողմնակից եմ, որ այդ մեկ ինքնաթիռի վրեժը հինգ ինքնաթիռով լուծենք, բայց դե քաղաքականություն կա:
Հայաստանը պատրա՞ստ է պատերազմի դեպքում դիմագրավել:
Իհարկե, եթե պատրաստ չլինենք, խաղաղ չենք ապրի: Ամեն հայ, ամեն հայ աղջիկ, պետք է պատրաստ լինի պատերազմի: Մենք շրջափակման մեջ ենք, փոքր ժողովրդով երկիր ենք, պետք է պատրաստ լինենք, ավելի լավ է մեռնել, քան զիջել:
Իսկ չե՞ք կարծում, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմքում նաեւ մեր դաշնակցի կողմից վաճառվող զենքն է: Այն առիթ չի՞ հանդիսանում, որ Ադրբեջանը նման քայլեր նախաձեռնի:
Բնականաբար, առիթ տալիս է, դրա համար ես Ռուսաստանի քայլը ճիշտ չեմ համարում, որ զենք են վաճառում, բայց իրողություն է»։