00:36 , 15 նոյեմբեր, 20141in.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պորտուգալիայի ընտրանին «Ալգարվե» մարզադաշտում ուժերն է չափում Հայաստանի ընտրանու հետ:
Խաղը մեկնարկեց դաշտի տերերի մեկնարկային ճնշմամբ: Ձախ եզրում ակտիվ է հատկապես պաշտպան Ռաֆայել Գերերոն: Մեր տղաները կարողացան դիմակայել պորտուգալացիների գրոհներին ու աստիճանաբար խաղը սեփական տուգանայինի մատույցներից տեղափոխում են դեպի կենտրոն:
16-րդ րոպեին մեր թիմը վտանգավոր հակագրոհ կազմակերպեց: Մխիթարյանն ինքն իրեն դուրս էր բերում հարվածային դիրք, սակայն նրան սահանկմամբ տապալեց Ռիկարդու Կառվալյաուն` ստանալով դեղին քարտ: Տուգանայինն իրենցրեց Մխիթարյանը: Վտանգավոր հարվածը դժվարությամբ հետ մղեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն:
21-րդ րոպեին Արթուր Եդիգարյանի սխալից հետո Բերեզովսկու դարպասին հարված կատարեց Միգել Դանին: Ռոմանը տեղում էր: Նա հանգիստ տիրեց գնդակին: Պորտուգալիայի հավաքականը շարունակում է գրոհել: Մեր պաշտպանության աջ եզրում ծանրաբեռնված է խաղում Կամո Հովհաննիսյանը, քանի որ դաշտի տերերը գրոհները հիմնականում զարգացնում են ձախ եզրով:
Շատ են բարձրից փոխանցումները տուգանային հրապարակ: Նկատելի է, որ պորտուգալացիներն ուսումնասիրել են մեր թիմի խաղն ու գիտեն, որ մեր պաշտպանության թույլ կողմը բարձրից խաղն է: Բարեբախտաբար, մեր տղաներն առայժմ պաշտպանվում են արդյունավետ:
25-րդ րոպեին վտանգավոր հարված կատարեց Քրիշտիանու Ռոնալդուն: Ռոման Բերեզովսկին կրկին փայլեց: 27-րդ րոպեին շատ վտանգավոր հակագրոհ ձեռնարկեց մեր ընտրանին: Հենրիխ Մխիթարյանի գերազանց փոխանցումից հետո հարվածային դիրք դուրս եկավ գրոհին միացած Կամո Հովհաննիսյանը: Ռուի Պատրիսիուն կրկին հետ մղեց գնդակը:
Այսպիսով` Առաջին խաղակեսում Պորտուգալիայի հավաքականն ուներ ակնհայտ առավելություն գնդակին տիրելու տոկոսային հարաբերակցությամբ, բայց տարածքային առավելությունը նյութականի վերածել չհաջողվեց: Փոխարենը մեր տղաները 2 շատ վտանգավոր հարված կատարեցին մրցակցի դարպասին ու մոտ էին հաջողությանը: