Կոկո Շանել. Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն


17:59 , 14 նոյեմբեր, 2014

Newmag.am-ը գրում է․

«Լյուքս» հասկացությունը ոչ թե աղքատության, այլ վուլգարության հականիշն է: Փոքրիկ սև շոր և երկգույն՝ սև ու բեյժ, կոշիկ, բուկլեից բաճկոն ու արտահայտիչ կարերով պայուսակ: Եվ իհարկե, մարգարտածաղիկ: Այս ամենը մտածել և տարիներ շարունակ իրականացրել է այս արտասովոր կինը: Կարլ Լագերելդը, որը 1983-ից սկսած տնօրինում է «Շանել» նորաձևության տունը, այս ստեղծագործություններն անվանել է «Շանելի քերականություն»: ժամանակակից նորաձևության հիմքում ընկած է այս «քերականությունը»: Այսօր այն ապրում է ինքնուրույն:

Գաբրիել Շանելը երկար է ապրել: Ծննդյան ամսաթիվը հայտնի դարձավ միայն մահից հետո: Ու շատերն իմացան, որ Շանելը մահացավ բավական առաջացած տարիքում: Նա ստեղծագործել է գրեթե մեկ ամբողջ դար ու «հագցրել» ողջ 20-րդ դարը: Գաբրիել Շանելը ծնվել է Լիմուզենում: Նրա հայրը շրջիկ վաճառական էր: Կնոջ մահից հետո նա իր 12-ամյա դստերը հանձնում է մանկատուն: Սկսվում է դաժան իրականությունը, որը լի էր միայնությամբ ու խիստ կարգապահությամբ: Աղջիկները մանկատանը հագնում էին զուսպ, սև համազգեստ` սպիտակ օձիքով: Գուցե հենց այս համազգեստը վճռորոշ եղավ իր հայտնի փոքրիկ զգեստը ստեղծելու գործում: Ու դրանից ավելի էլեգանտ ու նորաձև բան արդեն մի քանի տասնամյակ ոչ ոք չի կարողացել ստեղծել:

Coco_Chanel,_1920

Նուրբ ու քնքուշ, շատ երիտասարդ Գաբրիելը, գալով Փարիզ, տեղավորվում է Մալեզերբ բուլվարում` N160 տանը, և աշխատանքի է անցնում որպես մոդելավորող: Նրա գլխարկները մեծ հաջողություն են վայելում Փարիզի բարձրաշխարհիկ կանանց շրջանում: Իր հովանավորի` ձիասպորտի մեծ սիրահար էտյեն Բալսանի շնորհիվ, Գաբրիել Շանելը նույնպես հրապուրվում է այս սպորտաձևով: Հետագայում նա ստեղծում է «5-22» պայուսակը` օգտագործելով ձիարշավի համար նախատեսված բաճկոնի ուղղահայաց ու արտահայտիչ կարերի գաղափարը: «Մադմուազելը» երբեք ամուսնացած չի եղել, բայց նրա բազմաթիվ բուռն սիրավէպերը ոգեշնչման աղբյուր են դառնում նրա ստեղծագործական ուղու համար: Կոկո Շանելի համար աշխատանքը միշտ առաջին տեղում էր: Իր «կյանքի աշխատանքից»` նորաձևությունից ոչ ոք և ոչինչ չէր կարող նրան բաժանել: Բացի մահից, իհարկե: Գեղեցկությունը նրա համար կիրք էր ու կյանքի իմաստ: Էլեգանտությունը, ներդաշնակությունն ու ոճը նրա կյանքին յուրահատուկ բովանդակություն էին հաղորդում:

Նորաձևությունն անցողիկ է, իսկ ոճը` մնայուն,- համոզված էր Շանելը:

Ինչ էլ ստեղծեր Շանելը` լայն տաբատներ, երեկոյան զգեստներ, ապարանջաններ, ժանյակներ, կոշիկներ, ուներ մեկ գաղափար, ազատություն ու հարմարվետություն ամեն ինչում:

Լավ կարված զգեստը սազում է ցանկացած մարդու,- պնդում էր նա:

Ուստի ձևում էր մանեկենների վրա: Մանեկենների շարքում կարող էին հայտնվել նրա ծանոթները, ընկերները, բարեկամները, բայց կար մի մեծ պայման, իրական էլեգանտություն ու ոճի զգացում: Ու հաճախ էր շատերին մերժում` չգտնելով այն, ինչ իրեն պետք էր:

Անփոխարինելի լինելու համար, պետք է տարբերվել մյուսներից,- ասում էր Շանելը:

Ու դա նրան հաջողվում էր: Շանելը սնահավատ էր ու ապրում էր նախանշանների առեղծվածային ազդեցության տակ: Պատահական չէ, որ Շանելի ծննդյան ամսաթիվը` օգոստոսի 5-ը, դառնում է մոգական թիվ: «Շանել N5» օծանելիքը մինչև օրս աշխարհում ամենապահանջվածներից մեկն է: Առյուծը` նրա համաստեղության նշանը, զարդարում էր նրա կոճակները, օծանելիքի շշերը… Նրա բնակարանում միշտ կարելի էր տեսնել ցորենի հասկը` հաջողության ու բարօրության սիմվոլը: Բյուրեղապակին, ադամանդը և մարգարիտը` սպիտակ ու թափանցիկ քարերը, դարձան նրա սիրելի իրերը: Եվ իհարկե, մարգարտածաղիկը, որը մինչև օրս «Շանել» նորաձևության տան սիմվոլն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ