23:16 , 17 սեպտեմբեր, 2012
Միշտ էլ դժվար է նշել որևէ մեկի տարեդարձը առանց նրա, երբ կարող ես շնորհավորել ու բարեմաղթել միայն մտքումդ:
Ամեն տարի այս օրը, որն ինձ ստիպում էր պարել և ուրախանալ, այս տարի կարծես հարվածում է ուղեղիս, թե էլ որտեղ կա տոն առանց հոբելյար ու այդ ինչպես է պատահում, որ ծննդյան տարեդարձին արցունքները խեղդում են: Չէ, բայց տոնում եմ տարեդարձդ, ազնիվ խոսք...մտքումս:
Երբ դեռ միասին էինք նշում, դու միշտ` ամեն տարի, որպես կանոն, ինձ խնդրում էիր, որ մի բան ասեմ, ու ես ամեն տարի, որպես կանոն, միշտ հրաժարվում էի: Բայց այսօր, երբ շատ հեռու ես, և ոչ տեղն է, ու ոչ էլ ժամանակը, չգիտես ինչու որոշել եմ բարեմաղթել քեզ: Հիմա երևի միայն ես եմ քեզ հետ հոգեպես, մնացածը ֆիզիկապես ներկա են, միայն ես եմ թերթում քո ամեն տարվա տարեդարձի լուսանկարները, մինչդեռ քեզ հիմա երևի նորերում են լուսանկարում...
Հիշում ես` մի անձրևոտ օր, երբ տոնում էինք իմ ծննդյան տարեդարձը, դու կանգնեցիր ու այսպես բարեմաղթեցիր.
«Որքան գարունն ունի ծաղիկ, որքան արևն ունի շողիկ, որքան երկինքն ունի աստղիկ, որքան ծովը ունի ալիք, այնքան օրեր քեզ երջանիկ»:
Կներես, որ ես քեզ երբեք չեմ ցանկացել այնքան օրեր, ինչքան գարունը ծաղիկ ունի, ուղղակի չեմ ցանկացել, որ ծաղիկների նման թառամող օրեր ունենաս, չեմ ցանկացել, որ ժամանակը դրանց տանի, որ տրորեն, որ քաղեն....կներես, որ այդպես էլ չցանկացա, որ օրերդ արևի շողերի նման ամեն անձրևի ու քամու ժամանակ անհետանան....ներիր, որ չցանակացա` օրերդ աստղերի նման լինեն..ախր հասկացիր` աստղերը հավերժ չեն ու շատ հաճախ նրանք չկան էլ...ու ներիր, բայց չեմ ցանկացել, որ ժայռերին բախվող, փոթորիկներից վերացող ալիքների նման օրեր ունենաս...
...Ու մի անգամ էլ ներիր, որ այսօր այդպես էլ դիտմամբ չեմ լիցքավորելու հեռախոսս, որ զսպեմ քեզ զանգահարելու կամ գրելու ցանկությունս...բայց տոնում եմ, ազնիվ խոսք...
Հ.Գ. Ծննդյանդ տարեդարձի մասնակիցները պատմում են, որ այդ օրը, մի պահ թողել ես բոլորին, անգամ նրան ու դուրս եկել բակ, ուշադիր լսել ես քամու ձայնը ու լուռ ժպտացել...երևի լսել ես բարեմաղթանքս...
ՔԵԶ ԿՅԱՆՔ ԵՄ ՑԱՆԿԱՆՈՒՄ...