14:50 , 14 նոյեմբեր, 2014
Hetq.am-ը գրում է․
Համածառայակիցների սպանության մեղադրանքով 19 տարեկանում մահապատժի (2003-ից՝ ցմահ ազատազրկում) դատապարտված նախկին զինվոր Արթուր Մկրտչյանի գործով կան նոր երևան եկած հանգամանքներ:
Այս մասին «Հետքին» տեղեկացրեց Արթուր Մկրտչյանի ներկայացուցիչ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան, փաստաբանների պալատի անդամ Ռոբերտ Ռևազյանը: Նա արդեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքներով քրեական գործի վերանայման վարույթ հարուցելու խնդրանքով:
Դատարանների կենտրոնական արխիվում «Հետքը» ծանոթացել է 1997թ. Գերագույն դատարանի դատավճռով մահապատժի դատապարտված շարքային Արթուր Մկրտչյանի քրեական գործին, լուսաբանել, ապա «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հարցազրույց վարել Արթուրի հետ:
Հիշեցնենք, որ ցմահ բանտարկյալը 1996-ին նախաքննության ժամանակ խոշտանգումների հետևանքով նախ տվել է ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա դատավարությունից սկսած՝ պնդել, որ անմեղ է, որ չի սպանել 5 համածառայակիցներին, որ նրանց սպանել են Կոթիի զորամասի դիրք եկած 3 անծանոթներ, ովքեր եկել էին զենք գնելու նպատակով:
Ո՞րն է Արթուր Մկրտչյանի գործով նոր երևան եկած հանգամանքը
ՀՀ գլխավոր դատախազին դիմելու հիմք է դարձել «Հետքի» այս տարվա փետրվարի 6-ի «Մահվան դատավճիռ` «միգուցե»-ով» վերնագրով հարցազրույցը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ: «Հետքին» տված հարցազրույցում նախկին զինդատախազը որոշ օպերատիվ տվյալներ է հայտնել: Մասնավորապես՝ այն, ինչ դատարանում ցուցմուք տալով հայտնել է շարքային Արթուր Մկրտչյանը: Ըստ նախկին զինվորի ցուցմունքի` 1996թ. հունիսի 10-ի լույս 11-ի գիշերը Կոթիի զորամասի 18 պահակակետում զինվորներին սպանել են երեք անծանոթներ: Նախաքննության ընթացքում Արթուրը ստիպված հորինել է ինքնախոստովանական ցուցմունքներ, քանի որ այդ երեքը հակառակ դեպքում կսպանեին նաև իր հարազատներին: Արթուր Մկրտչյանը դատական նիստում հայտնել է նաև, որ անծանոթների ավտոմեքենան ինքը տեսել է իրենից 2-3 մետր հեռավորության վրա և այն պահին, երբ նրանք սպանել են իր ընկերներին: Արթուրն ասել է, որ այդ գիշեր պահակակետում տեսել է «Նիվա» մակնիշի մեքենա՝ ՌՈ-ի պետական համարանիշներով, որտեղ եղել է երեք մարդ, որ եղել է զենքի առևտուր: Ասել է, որ անծանոթներից մեկն իրեն ստիպել է ծնկի իջնել և չշարժվել: Արթուրը նշել է, որ այդ ընթացքում լսել է կրակոցների ձայներ: Երբ մեքենան հեռացել է, Արթուրը քայլել է առաջ ու խրամատի մեջ դիակներ տեսել: Այդ պահին վախեցած փախել է: Հայտարարվել է հետախուզում: Արթուրին հայտնաբերել են միայն 15 օր անց՝ Սևանում:
Սակայն Գերագույն դատարանի զինվորական գործերով կոլեգիայի կայացրած դատավճռում նշված է. «Դատական նիստում ամբաստանյալ Ա. Մկրտչյանի կողմից տրված նման ցուցմունքները դատական կոլեգիան հերքում է արժանահավատ չլինելու պատճառով: Այդ ցուցմունքները հակասական են, իսկ իր բացատրությունները նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքների կապակցությամբ ձևական են, իրարամերժ և նույնպես հակասական»: Դատարանը որոշել է, որ Արթուրն այդ կերպ փորձում է խուսափել պատասխանատվությունից:
Դեպքից գրեթե 19 տարի անց նախկին զինդատախազը հաստատել է Արթուր Մկրտչյանի ցուցմունքը, հաստատել է, որ դիրքերում այդ օրը անծանոթներ են եղել, ովքեր եկել են զենք գնելու:
Գագիկ Ջհանգիրյանը հարցազրույցում նշել է. «Իմ մասնակցությունն այդ գործին եղել է 1997-ին, երբ Արթուրն արդեն դատապարտված էր: Նոր Հաճնի բնակիչները՝ ստորագրություններով ու դատապարտված զինվորի հարազատները դիմել էին ինձ, որպեսզի նոր վարույթ սկսվի այդ գործով: Այո՛, 1997թ. հանդիպել եմ Արթուր Մկրտչյանի հետ: Նա լրիվ տեղյակ էր դեպքին և պատմում էր երեք զինվորների սպանության մասին: Չեմ ուզում Ձեզ օպերատիվ տեղեկատվություն հայտնել, բայց դիրք եկած մարդիկ, ըստ էության, եկել էին Արթուր Մկրտչյանից զենք գնելու համար: Չեմ բացառում, որ միգուցե երկուսին սպանել են ուրիշները: Բայց այն, որ Արթուրը մեղավոր է երեք զինվորների սպանության մեջ, ես դրանում ոչ մի վայրկյան չեմ կասկածում... Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ դեպքի ժամանակ չեմ եղել զինվորական դատախազ, այդ դատավճռի հետ կապ չունեմ: Բայց վարույթ եմ հարուցել, օպերատիվ մարմիններին հանձնարարություններ տվել, գործի վերաբացման հիմքեր չենք գտել: Չեմ բացառում, որ հիմա կարող են դրանք ձեռքբերվել»:
Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում նշեց. «Նախկին զինդատախազի տված հարցազրույցով հաստատվում է, որ անծանոթներ են եղել դիրքերում, որ նրանք եկել էին զենք գնելու մտադրությամբ: Այս ամենը ապացուցում է, որ 1997թ. դատարանը կայացրել է չհիմնավորված դատավճիռ, ճիշտ վերլուծություններ չեն արվել 5 զինվորների սպանությունները կատարելու դրդապատճառների, կատարող անձանց և այլնի վերաբերյալ: Ձեռք բերված օպերատիվ տվյալները երբևէ դատական քննության առարկա չեն հանդիսացել և դրանց մասին պաշտպանական կողմին հայտնի չի եղել: Այո՛, զինդատախազի հայտնածը նոր երևան եկած հանգամանք է: Այն ապացուցում է Արթուր Մկրտչյանի անմեղությունը կամ առնվազն նրա կողմից կատարած հանցանքի նվազ ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է»։