Փտր 27, 00:02


11:38 , 27 փետրվար, 2012

կանգնած ես ճանապարհին
ձեռքդ առաջ պարզած

վերարկուդ մինչեւ կոկորդ քաշել ես
եւ ճոճորվում ես ցրտից
հենվելով մեկ աջ
մեկ ձախ ոտնաթաթիդ

նիհար ես
մորուքդ շեկ
մազերդ կարճ
անծանոթ մարդ լինեիր
հաստատ մտածելու էի՝ տեղացի չի

ուսապարկդ ձախ կողմից
ձգվել, հասել է ուսիդ եզրին
ուր որ է
տատանումներիցդ ընկնելու է
շագանակագույն դարձած ցեխոտ փողոցին

աչքերս կկոցում եմ
ավելի պարզ տեսնելու, ուսումնասիրելու համար
նկատում եմ՝ աչքերդ թրջվել են
հավանաբար ցրտից

նկատում
կողքովդ անցնում, գնում եմ
քանի որ ես չունեմ
քեզ անձեռոցիկ առաջարկելու ոչ մի առիթ