Հակահարվածն անխուսափելի է, որովհետև դա է պատերազմի վերսկսումը կանխելու միակ միջոցը


18:17 , 13 նոյեմբեր, 2014

Հակահարվածն անխուսափելի է, որովհետև դա է պատերազմի վերսկսումը կանխելու միակ միջոցըYerkir.am-ը գրում է․

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հայկական ուղղաթիռը ոչնչացնելու` Ադրբեջանի աննախադեպ լկտի սադրանքից հետո ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարեց, թե պատասխանը չի ուշանալու և լինելու է անսպասելի, չափազանց ցավագին:

Ոչ ոք չի կասկածում նման հարված հասցնելու` ԼՂՀ Պաշտպանության բանակի կարողությանը: Այն արդեն ապացուցվել է այս տարվա օգոստոսին: Բայց, զուտ մարտավարական առումով, որքանո՞վ է նպատակահարմար նման հայտարարություն անելը, եթե իսկապես նման հարված հասցնելու ինչ-որ օպերացիա է պլանավորվում: Հարձակման կամ հակահարձակման անցնող բանակի հրամանատարը չի կարող սեփական պլանները մատնող ելույթներ ունենալ` հակառակորդին դրդելով լինել առավել զգոն և պատրաստ հակադարձման: Մնում էր միայն, որ Հակոբյանը նաև հայտարարեր, թե որ ուղղությամբ է լինելու հայկական զինուժի հարվածը, ինչ բնույթի է լինելու, ինչպիսի կոնտինգենտ է ներգրավվելու դրանում և այլ մանրամասներ: Գուցե ԼՂՀ պաշտպանության նախարարը փորձում է նման կերպ բարձրացնել զինվորների և հասարակության ինքնավստահությո՞ւնը: Սակայն նման պրիմիտիվ մեթոդները վաղուց արդեն ոչ մի ազդեցություն հանրային գիտակցության վրա չեն ունենում, քանի դեռ դրանք չեն դրսևորվում կոնկրետ գործողություններով: Եվ հիմա մնում է իսկապես հուսալ, որ, չնայած սրան, անակնկալի էֆեկտը կստացվի, որովհետև հուժկու հարված հասցնելու այլընտրանք, կարծես, այլևս չկա:

Օգոստոսյան դեպքերից հետո, երբ Ադրբեջանի հասարակությունը կսկիծով սեփական զինուժի ղեկավարության անխոհեմ որոշումների ու քայլերի հետևանքով կրած կորուստներն էր հաշվում, Բաքուն ստիպված եղավ մի տևական ժամանակ հրաժարվել ռազմատենչ հռետորաբանությունից և սադրիչ, դիվերսիոն գործողություններից: Փորձն արդեն ցույց է տալիս, որ Ադրբեջանը նման դեպքերում սթափվում է միայն ուժգին ապտակ ստանալուց հետո: Այլընտրանքը Բաքվին անընդհատ լկտիանալու հնարավորություն տալն է, դրա հետևանքը` նման ցավոտ միջադեպերի կրկնությունը և հաճախակի դառնալը: Ու որքան էլ այս լարված իրավիճակում նման պատասխանը պատերազմի վերսկսման նշան կարող է թվալ, իրականում հենց դա է լայնամասշտաբ պատերազմական գործողություններից խուսափելու միջոցը: Եվ այստեղ որևէ ազդեցություն չպետք է ունենա միջազգային հանրության հնարավոր ագրեսիվ, դատապարտող դիրքորոշումը: Ոչ միայն այն պատճառով, որ իրենց անվտանգությունն ապահովելու հարցում թե Հայաստանը և թե ԼՂՀ-ն ունեն սուվերեն իրավունքներ, այլև որովհետև միջազգային հանրության երկակի ստանդարտների վրա խարսխված կարծիքը, Ադրբեջանի սադրանքներին մշտապես մատների արանքով նայող կեցվածքը վաղուց արդեն դարձել է հակամարտության գոտու ապակայունացման, Բաքվի լկտիացման ամենազգայուն գործոններից մեկը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ