Ուղղաթիռի միջադեպը, էսկալացիան, պատճառները և հետևանքները


16:27 , 13 նոյեմբեր, 2014

Ուղղաթիռի միջադեպը, էսկալացիան, պատճառները և հետևանքներըPanorama.am-ը գրում է.

ԼՂՀ ռազմաօդային ուժերի Ми-24 ուղղաթիռի խոցումն, անշուշտ, աննախադեպ փաստ է: 20-ամյա հրադադարի ընթացքում տեղային ու պարբերական շիկացումներ շատ են եղել, գրանցվել են մարդկային բազում զոհեր, բայց հակառակորդի ծանր տեխնիկայի խոցման որևէ նախադեպ չի եղել: Սա փաստում է, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված կոնտեքստը լրջորեն փոխվել է: Այս փաստն անխուսափելիորեն կբերի Ղարաբաղյան հակամարտության էսկալացիայի, եթե իրավիճակը սթափ չգնահատվի և չտրվեն պատասխաններ մի շարք առանցքային հարցադրումների:

Ми-24-ի խոցումը գիտակցված և նպատակադրված էր

Այն, որ ադրբեջանցիները նպատակադրված կործանել են հայկական ուղղաթիռը, կասկածից վեր է: Հենց իրենք՝ ադրբեջանցիները հրապարակել են տեսանյութ, որտեղից պարզ հասկացվում է՝ ուղղաթիռների զույգը, թեև գործել է շփման գծի երկայնքով, սակայն ոչ ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ձայնագրությունից հստակ երևում է, որ ուղղաթիռները շրջադարձի մանևր են կատարել՝ առանց որևէ մեկի վրա հարձակման: Ձայնագրությունը հստակ ցույց է տալիս նաև, որ ադրբեջանցի զինվորները հատուկ դիրքավորված են եղել ուղղաթիռը խոցելու համար. նախ նրանք տեսանկարահանումը սկսում են շատ ավելի վաղ, քան ուղղաթիռները կդառնան տեսանելի, այնուհետև՝ հորիզոնում հայկական ուղղաթիռների հայտնվելուն պես հնչում է կրակոց: Այսինքն՝ խոցման գործիք հանդիսացող զենքը եղել է պատրաստ: Սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ փաստը տեսանկարահանվել է, և կստացվի, որ ադրբեջանական կողմն ինչ-ինչ հանգամանքներից ելնելով՝ գիտակցաբար և նպատակադրված գնացել է այս աննախադեպ քայլին: Ավելորդ է նշել, որ հետագա բոլոր հիմնավորումները, թե խոցվել է, որովհետև հարձակում է գործել ադրբեջանական դիրքերի վրա, որովհետև խախտել է Ադրբեջանի օդային տարածքը, որովհետև Արցախի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է և այլն, կեղծ են և իրականության հետ կապ չունեն և պոստֆակտում արդարացումներ են: Ձայնագրությունից էլ երևում է, որ խոցման գոտին ադրբեջանական հսկողության տարածքներից բավականին հեռու է, ուղղաթիռները որևէ ագրեսիվ վարքագիծ չունեն, ինչ վերաբերում է Արցախի օդային տարածքին, ապա այնտեղ անցած 25 տարիներին թռիչքներ եղել են, եղել է նաև երեկ ու կլինի հետագայում ևս: Որևէ կասկած չկա: Կապված փաստի աննախադեպ լինելու հետ՝ հարկ է նշել, որ ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում կողմերը բազմաթիվ անգամներ շփման գծով օդուժի մանևրներ են իրականացրել և երկուստեք պաշտոնական հաղորդագրություններ են եղել առ այն, որ իրավիճակը հսկողության տակ է ու հակառակորդի օդուժի միավորները գործում են շփման գծի երկայնքով ու օդային սահմանը չեն հատել: Ըստ որում՝ անցած բոլոր 20 տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, որ նման դեպքերում կողմերը մոնիտորինգի ռեժիմից դուրս որևէ այլ գործողություն իրականացնեն: Ասել է թե՝ հայկական կողմը երեկ գործել է «կանոնավոր ռեժիմում», իսկ ահա ադրբեջանական կողմը դրսևորել է սովորականից տարբերվող վարքագիծ: Ինչպես արդեն նշեցինք՝ գիտակցաբար և նպատակադրված:

Աղետի հետևանքները կարող են խիստ ծանր լինել

Փաստի աննախադեպ լինելը հետագա գործընթացների կանխատեսելիությունը հասցնում է մինիմումի: Հրադադարի շրջանում ձևավորված ավանդույթը ենթադրում է, որ հերթական յուրաքանչյուր միջադեպից հետո կողմերը ձգտում են սեփական պատկերացումների ու ընկալումների շրջանակներում ադեկվատ հակահարված հասցնել հակառակորդին: Հանուն արդարության պետք է նշել, որ ադեկվատությունը, որպես կանոն հանրային ու նաև էլիտաների շրջանակներում պարունակել ու պարունակում է սիմետրիկության տարրեր: Հավանաբար, սա է պատճառը, որ սոցիալական ցանցերում նախօրեին հնչում էին պատասխան տալու կոչեր՝ չսահմանափակվելով ձևերի մեջ: Բանն հասել էր ընդհուպ մինչև քաղաքացիական օդանավ խոցելու գաղափարին:
Վստահաբար գործը քաղաքացիական օդանավերին չի հասնի, քանզի Ադրբեջանն ունի բավարար թվով ռազմական օդանավեր և հայկական կողմն էլ տիրապետում է դրանք Ադրբեջանի տարածքում խոցելու համար անհրաժեշտ սպառազինություններին:
Խնդիրն այստեղ այլ է. հայկական կողմն անխուսափելիորեն հակադարձելու է, սակայն՝ արդյոք կորոշի՞ գործել սիմետրիկ: Եթե այո (ինչը խիստ հավանական է), ապա գործընթացը կարող է զարգանալ ձնագնդի էֆեկտով: Եվ հասկանալի է, որ այս դեպքում, երբ հակառակորդները կսկսեն կորցնել ծանր զինտեխնիկա, իրավիճակը կդառնա խիստ անվերահսկելի, իսկ լայնածավալ պատերազմական գործողությունները՝ անխուսափելի: Դժվարանում եմ ասել՝ Բաքվում սա գիտակցո՞ւմ են, թե՞ ոչ: Ամենայն հավանականությամբ գիտակցում են և ամենայն հավանականությամբ իրավիճակը սրում են հենց այդ նպատակով: Ուստի հայկական կողմին մնում է վերլուծել այդ վարքագծի պատճառները և սեփական գործողությունները ծրագրելիս շրջանցել Բաքվի մոտիվներն ու ցանկությունները: Իսկ դրանք բավականին ցայտուն են:

Ալիևի ռեժիմը ցայտնոտի մեջ է և ստիպված է գնալ էսկալացիայի

Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը բացատրելու համար անհրաժեշտ է համալիր վերլուծել բոլոր այն գործընթացներն ու խնդիրները, որոնցում կամա թե ակամ հայտնվել է Ալիևի ռեժիմը: Առաջին խնդիրը, որ պետք է նշել՝ Ադրբեջանի ներսում իրավիճակի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի սրացումն է: Սա պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Օբյեկտիվորեն Ադրբեջանում այսօր գործող համակարգը ածանցված է նավթի միջազգային գներից: Փաստն այն է, որ Ադրբեջանը՝ որպես նավթային տերություն, ավելի շատ նման է Ռուսաստանին, քան՝ Սաուդյան Արաբիային: Այսինքն միջազգային շուկայում տատանումների հետևանքներն այստեղ իրենց զգացնել են տալիս անմիջապես: Կարճ ժամանակահատվածում նավթի գների մոտ 20 տոկոսով անկումը նկատելիորեն դժվարացրել է Բաքվի իշխանությունների կյանքը, ովքեր եկամուտների կրճատման ֆոնին իրավիճակը կայուն պահելու նպատակով ստիպված են հացի գին սուբսիդավորել: Այս առնչությամբ տեղեկատվություն կա և տնտեսագետները կարող են ավելի ցցուն փաստերով ցույց տալ, թե որքանով է սահմանափակվել Իլհամ Ալիևի՝ սեփական հասարակությանը հսկողության տակ պահելու հնարավորությունը: Սրա մասին են խոսում նաև Ադրբեջանում վերջին շրջանում սկսված հանրային դժգոհության ալիքը, ինչպես նաև ռեժիմի արձագանքը, որ դրսևորվում է այլախոհներին զանգվածաբար բանտարկելով: Ակնհայտ է, որ «Սաուդյան Արաբիան» մտադիր չէ կարճաժամկետ հատվածում բաց թողել նավթի գները: Իսկ սա նշանակում է, որ նավթով պայմանավորված զարգացումները գնալով կխորանան ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Ադրբեջանում: Ըստ որում՝ Ադրբեջանում մի փոքր ավելի շատ: Ասել է թե՝ Ալիևի ռեժիմը կարճաժամկետ հատվածում երկրի ներսում լուրջ մարտահրավերներ է ակնկալում: Հասկանալի է, որ բոլորին բանտ չես նետի ու կնշանակի, որ հանրային դժգոհությունը մեկ այլ տեղ ուղղորդելու՝ կանալիզացնելու խնդիր կա: Բաքվում իշխողների համար այս հարցը վաղուց արդեն լուծված է: Դեռևս 2000-ականների վերջին Միջազգային ճգնաժամային խումբը զգուշացնում էր, որ 2012-2015 թվականներին էներգակիրներից ստացվող եկամուտների նվազման ֆոնին Բաքվի իշխանությունները ստիպված կլինեն էսկալացիայի տանել ղարաբաղյան հակամարտությունը: Ներքին գործոններից անհրաժեշտ է առանձնացնել նաև այն, որ Ալիևն իր տասնամյա ռազմատենչ հռետորաբանությամբ սահմանափակել է մանևրի դաշտը և ճգնաժամային իրավիճակում դեմքը փրկելու այլ ռեսուրս չի կուտակել, բացի պատերազմ սկսելը: Ասել է թե՝ անգամ եթե գիտակցի էլ հնարավոր պատերազմի սարսափելի հետևանքներն իր երկրի և անձամբ իր համար, նա այնպիսի ալգորիթմով է գործել, որ այդ քայլին չգնալու հնարավորություն չունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ