Ադրբեջանը` պատժիչ գործողություններին սպասելիս


14:43 , 13 նոյեմբեր, 2014

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում, անդրադառնալով հայկական ուղղաթիռի խոցմանը, հայտարարել է, թե «լարվածության աճի հիմնական պատճառն այն է, որ Հայաստանի զինված ուժերը գտնվում են Ադրբեջանի օկուպացված տարածքներում: Այդ իսկ պատճառով, ինչպես բազմիցս հայտարարվել է Ադրբեջանի կողմից, իրադրության լարվածության պատասխանատվությունն ամբողջովին Հայաստանի վրա է»:

Հետաքրքրական է, որ տարածված հայտարարությունն ակնհայտորեն հակասում է ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած այն հաղորդագրությանը, թե «ուղղաթիռը խոցվել է, քանի որ այն հատել է Ադրբեջանի օդային տարածքը»:

Մի դեպքում, Ադրբեջանը հայտարարում է, որ հայկական ուղղաթիռի՝ ադրբեջանական սահմանի հատման փաստն է լարվածության աճի պատճառ դարձել, մյուս դեպքում նշում՝ ՀՀ ԶՈՒ-ի առկայությունը «օկուպացված տարածքներում»:
Տևական ժամանակ է՝ հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում՝ միջնորդներին, տեղեկացնում է Ադրբեջանի՝ առաջնագիծը ծանր տեխնիկայով հագեցնելու մասին: Ընդ որում՝ այդ մասին կարելի է ժամանակ առ ժամանակ հանդիպել Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ առաջնագծում արված կադրերում ու մամուլի հաղորդագրություններում: Սակայն որևէ արձագանք (բացի տրաֆարետային հայտարարություններից) չկար:

Այս առումով սպասելի էր, որ ծանր տեխնիկայի գործածմամբ սադրանքների դրսևորումներ կլինեն:

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցչի մամուլի խոսնակ Քեթրին Ռեյը միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է, թե Եվրամիությունը կոչ է անում հետաքննել Լեռնային Ղարաբաղում ռազմական ուղղաթիռի կործանման միջադեպը:

Շփման գծում գրանցվող միջադեպերի հետաքննման մասին ԵՄ-ն և մյուս միջազգային կառույցները պետք է հայտարարություններ հնչեցնեին ոչ թե սադրանքներից հետո, այլ ավելի վաղ, երբ հնարավորություն կար խուսափելու նման միջադեպերից: Դրա համար անհրաժեշտ էր հետևողականություն դրևսորել այն ժամանակ, երբ խոսվում էր ծանր տեխնիկայի կուտակումների, երբ առաջ էր քաշվում դիպուկահարներին առաջին գծից դուրս բերելու մասին և, վերջապես, այն ժամանակ, երբ կողմերին առաջարկվում էր համաձայնության գալ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու հարցում:

Ինչևէ, իր մաքսիմալիստական քաղաքականությունն իրականացնելիս Ադրբեջանը ոչ մի բանի առջև կանգ չի առնում, ինչի դրևսորման օրինակ կարելի է համարել նաև այս միջադեպը: Վերոնշյալը սադրանք էր՝ պատերազմ հրահրելու կանխամտածված նախաձեռնությամբ, ինչը ստիպում է հայկական կողմին՝ ընդունել հավասարակշռված որոշումներ, իսկ գործել սառնասրտորեն:

Այն, որ ԼՂՀ ՊԲ համապատասխան ստորաբաժանումները պատժիչ գործողություններ են իրականացնելու, ակնհայտ է ու սպասելի (աննախանձելի է պատժիչ գործողությունների սպասող ադրբեջանական ստորաբաժանումների վիճակը), մյուս կողմից, պակաս կարևոր չէ անհրաժեշտ ուսումնասիրությունների, հետաքննությունների իրականացումն Արցախում՝ հետագայում նման միջադեպերի ռիսկերը նվազեցնելու նպատակով: