Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում. Ադրբեջանի ՊՆ


12:52 , 13 նոյեմբեր, 2014

FHN_telim_161210_New1in.am-ը գրում է․

Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացնում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը:

«Ադրբեջանի ռազմածովային և ռազմաօդային ուժերն անցկացնում են համատեղ լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժություններն անցկացվում են երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և նրա առաջին տեղակալ, ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովի հրամանատարությամբ: Զորավարժություններում ներգրավված են ռազմածովային ուժերի ամբողջ անձնակազմը, ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի միավորումները, ԱԻՆ և Պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները:

Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններին մասնակցում է անձնակազմի 5000 անդամ, մինչև 40 ռազմանավ և մոտորանավ, 58 հրետանային և հրթիռային սարքավորում, մինչև 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, մինչև 50 ՀՕՊ միջոցներ, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատները:

Զորավարժությունները կանցկացվեն 3 փուլով, կշարունակվեն մինչև նոյեմբերի 17-ը, ասվում է հաղորագրության մեջ:

Երեկ ադրբեջանական կողմը խոցել է Լեռնային Ղարաբաղում զորավարժությունների մասնակցող հայկական Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվել են ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ «այս աննախադեպ լարման հետևանքները ադրբեջանական կողմի համար շատ ցավոտ կլինեն և կմնան Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության խղճին»: Իր հերթին Արցախի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ հայկական կողմի հարվածը լինելու է «անսպասելի և չափազանց ցավագին»: