Ինչպես այսօրվա մուլտֆիլմերի հերոսներն են քառակուսի, այդպես էլ սյուժեներն են քառակուսի ու ոչինչ չասող. Նաիրա Շահիրյան


12:10 , 13 նոյեմբեր, 2014

Life.panorama.am-ը գրում է․

Ինչպես այսօրվա մուլտֆիլմերի հերոսներն են քառակուսի, այդպես էլ սյուժեներն են քառակուսի ու ոչինչ չասող. Նաիրա Շահիրյան

Կան մարդիկ, որոնց հիշելու համար ամեն օր պետք չէ տեսել հեռուստատեսությամբ, նրանք մեր մանկության հիշողություններում են… Life.Panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանն է. միշտ հմայիչ, միշտ կանացի, միշտ նուրբ ու գեղեցիկ: Դերասանուհին մեզ հետ կիսվեց իր գործունեության, ընտանիքի ու նախասիրությունների մասին:

-Գիտեմ, որ հիմա բավական ծանրաբեռնված եք: Շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք՝ զրուցելու:

- Իսկապես զբաղվածությունս շատ է. նկարահանվում եմ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Տնփեսա» սիթքոմում: 1989 թվականից ես թատրոնում հաստիքային աշխատող եմ ու մինչ այսօր աշխատանքս այնտեղ ոչ մի վայրկյան չի դադարել: Թեև, «մեծացել» եմ թատրոնում՝ մայրիկիս կողքին:

-Հասցնո՞ւմ եք երկուսը միասին՝ նաև ընտանիք:

-Նաև թոռնիկ… Մեր տանը բոլորը տղամարդիկ են, պետք է հասցնեմ: Ես սովոր եմ տան գործերն ինքնուրույն անել: Կարևորն այն է, որ ամեն օր համեղ մի բան պատրաստեմ իրենց համար: Ինձ համար, ինչպես ցանկացած կնոջ համար,  առաջնայինը կյանքում ընտանիքն է:

-Ուտելու հարցում քմահա՞ճ են Ձեր տան տղամարդիկ:

-Ոչ, ուղղակի նախասիրություններն են մի քիչ տարբերվում. փոքր տղաս մսի հետ այնքան էլ սեր չունի, իսկ ամուսինս և մեծ տղաս՝ Արմանը, ավելի շատ մսային ուտելիքներ են սիրում: Ես արդեն 25 տարի է միս չեմ ուտում:

-Ինչո՞ւ, բուսակե՞ր եք:

-Ոչ, ես կաթնամթերք, ձու, ձուկ, երբեմն՝ հավի միս, օգտագործում եմ: Իսկ երշիկ և կենդանու միս՝ ոչ: Պատճառն այն է, որ Հալեպում՝ հյուրախաղերի ժամանակ, մսից, դմակներից պատրաստված կերակուրներից ալերգիկ ցան առաջացավ ինձ մոտ: Մեկ անգամ էլ հեռուստացույցով կենդանիների սպանդ տեսա: Այդ օրվանից այլևս չկարողացա կենդանու միս ուտել: Նույնիսկ, երբ մսային ճաշատեսակ պատրստելիս կտրատում եմ միսը, այդ հոտից վատ եմ զգում:

-Փաստորեն, Ձեզ համար ամանորյա շրջանը բավական մեծ փորձություն է ենթադրում:

-Դե, ընդհանրապես մենք՝ հայերս, այդ տոնը մեզ համար փորձություն ենք սարքել: Եթե վերադառնանք մեր ակունքներին, կհասկանանք, որ ամանորյա սեղանին մսային կերակուր երբևիցե չի դրվել: Սեղանը զարդարել է պասուց դոլման, տնական հալվան, որն, ի դեպ, տատիկս միշտ պատրաստում էր: Չէ՞ որ Նոր տարին պահքի շրջանում է լինում: Երբ այդ գոճիներին տեսնում եմ սեղանին, չեմ կարողանում այդ սեղանի մոտ նստել:

-Տիկին Շահիրյան, ես այն սերնդից եմ, որոնց «Բարի գիշեր» մաղթում էին նաև Ձեր ձայնով: Այսօր ինչո՞ւ երեխաների՝ թեկուզև 15 րոպե տևողությամբ,  բարի աշխարհը չկա:

-Ցավոք սրտի, պետք է ասեմ, որ այսօրվա երեխաների համար շատ ու շատ այլ հետաքրքրություններ կան: Բոլորիս համար մեծ ցավ է, որ այսօր Հայաստանում մանկական հեռուստաընկերություն չունենք: Ափսոսում եմ, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը փակվեց: Ես չէի ցանկանա, որ իմ թոռնիկը ժամանակակից մուլտֆիլմերով դաստիարակվեր: Երբ 94-95 թվականին փակվեց «Հեքիաթն է կանչում» հաղորդաշարը, երեխաների մի սերունդ մնաց առանց հեքիաթի: Առանց այդ էլ այդ սերունդը զրկված էր շատ ու շատ բաներից: Այդ դաշտն ամբողջովին բաց էր մնացել: Հիմա փորձում են այն լրացնել, բայց չեմ կարծում, որ պետք է այդ բացը լրացվեր այն ֆիլմերով ու մուլտֆիլմերով, որոնցով լցնում են: Կերպարները, որոնք նույնիսկ աչքի համար են տգեղ, հերոս են դառնում երեխաների համար: Դրանք ոչ գեղագիտական հաճույք են պատճառում, ոչ բովանդակային, ոչ էլ դաստիարակչական մղում ունեն: Անհասկանալի «հերոսներ» են և անհասկանալի «սյուժեներ»: Ինչպես այսօրվա մուլտֆիլմերի հերոսներն են քառակուսի, այդպես էլ սյուժեներն են քառակուսի ու ոչինչ չասող: Գեղեցիկ ու հետաքրքիր մուլտֆիլմեր ևս կան, որոնք ուղղակի պետք է կարողանալ հայերեն լավ թարգմանել ու երեխաներին մատուցել: Օրինակ, ես մեծ սիրով եմ նայում «Ուոլդ դիսնեյի» մուլտֆիլմերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ