04:35 , 13 նոյեմբեր, 2014
Գիտնականները պարզել են, որ բնական լույսի տակ արված աշխատանքը լավացնում է նյութափոխանակությունը, գիշերային քունն ու օգնում է կենտրոնանալ։
Ուղղակի պետք է գրասենյակի ձեր աթոռը մոտեցնել պատուհանին։ Դա ապացուցված փաստ է. որքան շատ է արևային լույսը, այնքան ավելի լավ։ Ֆեինբերգի բժշկական դպրոցի մասնագետները վստահեցնում են, որ բնական լույսի տակ աշխատելը համարվում է առողջ ապրելակերպի բաղկացուցիչ մաս։
Փորձարկումները կատարվել են Չիկագոյի գրասենյակներում։ 49 փորձարկվողները պետք է հատուկ սարքավորումներ հագնեին, որով կչափվեր լուսավորվածության մակարդակը։ Ինչպես նաև հաշվի էր առնված աշխատակիցների աշխատանքի ծանրաբեռնվածությունն ու գիշերային քնի որակը։
22 աշխատակիցներ աշխատում էին պատուհաններով գրասենյակում, մյուս 27–ը` առանց պատուհանների։ Այնուհետև անալիզի ենթարկեցին նրանց սարքավորումների գրանցած արդյունքները, որից հետո եկան այն եզրահանգմանը, որ ցերեկային բնական լույսը հանդիսանում է առողջ ապրելակերպի կարևորագույն բաղադրիչը։
Պարզվեց, որ այն 22 աշխատակիցները, ովքեր աշխատել են ցերեկային լույսի տակ, քնել են 46 րոպե ավել, քան նրանք, ովքեր աշխատել են փակ գրասենյակում։ Դա նշանակում է, որ նրանց ուշադրության աստիճանը բարձր է եղել, իսկ տրամադրությունը` համեմատաբար դրական։ Ինչպես նաև պարզվեց, որ այդ աշխատակիցները ամբողջ օրվա ընթացքում ակտիվ են եղել և կյանքի որակն էլ աստիճանաբար լավացել է։
Որպեսզի օգուտ ստանաք ցերեկային լույսից, սեղանը պատուհանից պետք է դրված լինի ամենաշատը 6 մետր հեռավորության վրա։ Փորձերից օգուտ քաղել էին նրանք, որոնց սեղանը եղել է այդքան հեռավորության վրա կամ ավելի քիչ։