Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Ավո Խալաթյանն անկեղծ և ուրախ մարդ է: Life.panorama.am-ը նրա հետ զրուցեցներկայիս գործունեության, ֆիլմերում ու սերիալներում չնկարահանվելու պատճառներիև ընտանեկան փոքրիկ գաղտնիքների մասին:
-Այժմ ինչո՞վ եք զբաղված:
-Զբաղված եմ թատրոնի ընթացիկ ներկայացումներով: Պարուհի դերասանուհի Ֆրիդա Յորքի հետ մոդեռն, պարային նոր ներկայացում ենք պատրաստում, որը Գարսիա Մարկեսի ստեղծագործության հիման վրա է: Ներկայացման պրեմիերան, հավանաբար, փետրվար ամսին կլինի:
-Այն հաջողակ դերասաններից եք, ովքեր գոհ են թատրոնի գործունեությունից:
-Իհարկե գոհ եմ: Ինքս 10 տարուց ավելի է արդեն, որ թատրոնում եմ, և կարող եմ ասել, որ այս ընթացքում բավական առաջընթաց է եղել: Նախ, մարդիկ են սկսել ավելի շատ ու հաճախ թատրոն գալ, նաև շատ ներկայացումներ են բեմադրվում:
-Ավո, դուք նաև շատ լավ երգում եք, թեև, երաժշտական կրթություն չունեք: Չե՞ք մտածել երբևէ երգչի կարիերա սկսելու մասին:
-Երգչի՝ ոչ, իսկ երաժշտական դերասանի՝ այո: Երաժշտական, մյուզիքլ ժանրը իմ ժանրն է, շատ եմ սիրում: Բայց որպես էստրադային երգիչ հանդես գալ չեմ ցանկանա: Նման կարիերա չեմ էլ փորձի անել՝ հաշվի առնելով նաև մեր երկրի ճաշակը:

-Դուք այն քիչ դերասաններից եք, ում չենք հանդիպում սերիալներում: Բայց ինչո՞ւ Ձեզ նաև ֆիլմերում չենք տեսնում:
-Ես մերժում եմ սերիալի ցանկացած առաջարկ, եթե գերազանցում է 6 սերիան: Եթե 6-7 մասից բաղկացած բազմասերիանոց ֆիլմ լինի, բնականաբար, կնկարահանվեմ՝ հաշվի առնելով նաև, թե ովքեր են դերակատարները, ռեժիսորը, ինչ սցենար ունի և ինչ կազմ է ներգրավված: Այնպես որ, սերիալում նկարահանվելու առաջարկներ շատ-շատ են լինում, բայց բոլորին եմ մերժում… Ինչ վերաբերում է ֆիլմերին, պետք է ասեմ, որ չգիտեմ ինչ պատճառով, բայց ինձ դեռ չեն հրավիրում: Ավելի ճիշտ՝ առաջարկներ լինում են, բայց երկրորդական, երրորդական դերերի: Այդպես ասելով էլ մնացի, որ «առաջին դերս է լինելու ֆիլմում, գոնե գլախավոր դեր լինի» (ծիծաղում է):
-Գուցե Դո՞ւք պետք է Ձեր մասին «հիշեցնեք», դիմեք:
-Ես ունեմ իմ հանդիսատեսը, որը քիչ չի ու որին շատ եմ սիրում: Իսկ ռեժիսորները, ովքեր այսօր գործում են մեր երկրում, կարծում եմ, ինձ ճանաչում են ու տեղս գիտեն: Իհարկե, երբ մեր թատրոնում անցկացվում են «ֆոտոպրոբաներ», քասթինգներ, մասնակցում եմ: Եղել են դեպքեր, որ ընտրվել եմ, ինչպես վերջերս, բայց երբ սցենարը կարդացի ու դերասանական կազմին ծանոթացա՝ մերժեցի: Ուզում եմ խաղընկերներս լավը լինեն, ռեժիսորը՝ աշխատող: Ինձ համար մի քանի սկզբունքային և կարևոր կետեր կան:
-Երբ ասում եք, որ դերասանական կազմին ծանոթանալուց հետո մերժում եք, ո՞ր դերասաններին նկատի ունեք. ովքեր դերասան չեն և քիչ գումարով բերվել են էկրա՞ն, թենրանց, ովքեր դեռևս քիչ ճանապարհ են անցել:
-Ոչ, անցած ճանապարհը կապ չունի, պարզապես ինձ խաղընկեր չեմ տեսնում տվյալ մարդկանց: Դերասանական մեծ կենսափորձ ունենալն ինձ համար այնքան էլ էական չէ, թեև շատ ավելի լավ է:
