10:38 , 11 նոյեմբեր, 2014
Երկրորդ համաշխարհային պատերազմում (1939–45 թթ.) ֆաշիստական Գերմանիայի ջախջախումից հետո Գերմանիան բաժանվել է 4 գոտու՝ հաղթանակած ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև: Սակայն շուտով ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունների որոշմամբ նրանց վերահսկողության տակ գտնվող գոտիները միավորվել են, և 1949 թ-ի սեպտեմբերին ստեղծվել է արևմտագերմանական պետությունը՝ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը (ԳՖՀ)՝ Բոնն մայրաքաղաքով: ԽՍՀՄ-ի վերահսկողության տակ գտնվող արևելյան գոտում 1949 թ-ի հոկտեմբերի 7-ին հռչակվել է Գերմանական Դեմոկրատական Հանրապետությունը (ԳԴՀ)՝ Բեռլին մայրաքաղաքով:
1950 թ-ին Բեռլինը նույն սկզբունքով բաժանվել է 2 մասի՝ Արևելյան և Արևմտյան:
ԳԴՀ-ի քաղաքացիների զանգվածային հոսքը դեպի Արևմտյան Գերմանիա դադարեցնելու նպատակով 1961 թ-ին կառուցվել է Բեռլինի պատը (162 կմ երկարությամբ արգելափակող շինությունների համակարգ)՝ ԳԴՀ-ի և Արևմտյան Բեռլինի միջև (45 կմ-ը՝ քաղաքի շրջագծում):
Միջազգային իրադրության բարելավման հետևանքով գերմանական 2 պետությունները 1990 թ-ի հոկտեմբերի 3-ին վերամիավորվեցին. պատը քանդվեց, իսկ Բեռլինը դարձավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը: