19:39 , 10 նոյեմբեր, 2014
Tert.am-ը գրում է․
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 10-ին այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ և «ՔԵՆԴԼ» նախագծի առաջին փուլի` «ԱՐԵԱԼ»-ի աշխատանքներին ու ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին ծանոթանալուց հետո պատասխանել «Արմենպրես»-ի հարցերին: ՀՀ Նախագահը Կառավարությանն առաջարկել է նորից անդրադառնալ ոչ իշխանական ուժերի 12 կետանոց փաստաթղթին։
- Պարո՛ն Նախագահ, ինչպե՞ս եք գնահատում «ԱՐԵԱԼ» արագացուցչի գործարկումը և ի՞նչ հեռանկարներ եք Դուք տեսնում այս ոլորտում:
- Նախ, ես շնորհավորել եմ «ՔԵՆԴԼ» ինստիտուտի անձնակազմին «ԱՐԵԱԼ» արագացուցչի հաջող գործարկման կապակցությամբ և համարում եմ, որ սա միայն «Քենդլ» ինստիտուտի կոլեկտիվի հաջողությունը չէ, այլ Հայաստանի գիտական հանրության և՛ հաջողությունն է, և՛ նոր հնարավորությունը: Ընդհանրապես պետք է ասեմ, որ վերջին տարիներին Հայաստանի գիտնականների կողմից միջազգային հեղինակավոր հանդեսներում գիտական հոդվածների հրապարակումը և միջազգային գիտական հանրության կողմից այդ հոդվածներին հղում անելը ու նաեւ այս արագացուցչի գործարկումը խոսում են այն մասին, որ Հայաստանի գիտական ներուժը մեծ է, և այս ներուժը պետք է զարգացնել: Ես շատ ուրախ եմ, որ այս արագացուցչի գործարկումը հնարավոր է եղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Սա չափազանց կարևոր է: Եվ այսօր ես տեսա, համոզվեցի, որ այս գործընթացը պահանջված է, և սա հնարավորություն է ստեղծում գիտնականների համար, միգուցե առաջին հերթին երիտասարդ գիտնականների համար արդյունավետորեն շարունակելու իրենց գիտական գործունեությունը:
- Պարոն Նախագահ, ի՞նչ փուլում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը:
-Մենք տրամադրված ենք ավարտին հասցնելու փաստաթղթերի փաթեթի վավերացման ազգային գործընթացը: Հսկայական աշխատանք է կատարվել ճանապարհային քարտեզի կետերն իրականացնելու, այսինքն` գործնականում բավականաչափ լավ աշխատանք է տարվել, և այս անգամ ևս Հայաստանը հանդես եկավ որպես պատասխանատու գործընկեր և իր պարտավորությունները այդ ժամանակահատվածի համար կատարեց: Մենք արդեն կառավարությունից ստացել ենք փաստաթղթերի փաթեթը, և այդ փաթեթն ուղարկել ենք Սահմանադրական դատարան, նշանակել ենք ներկայացուցիչ, Սահմանադրական դատարանը նոյեմբերի 4-ին վարույթ է ըն ունել այդ գործը և հայտարարել է, որ նոյեմբերի 14-ին կսկսի գործի լսումը: Այդ գործընթացներով մինչև ամսի 17-ը կամ նոյեմբերի 17-ին կունենանք ՍԴ-ի որոշումը: Այնուհետև փաթեթը կուղարկենք Ազգային ժողով, այդ փաթեթը կքննարկվի հանձնաժողովներում, այնուհետև, կարծում եմ, դեկտեմբերի սկզբին կմտնի նիստի օրակարգ: Միայն խնդրում եմ ինձ չմեղադրեք Սահմանադրական դատարանի կամ Ազգային ժողովի վրա ճնշում գործադրելու մեջ, ես ուղղակի ասում եմ այն գործընթացները, որոնք հնարավոր կլինեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք նաև մեր գործընկեր երկրների խորհրդարանների կողմից փաստաթղթի վավերացումը, այն հաշվարկով, որպեսզի մենք հունվարի 1-ից լիարժեքորեն սկսենք մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ