19:26 , 10 նոյեմբեր, 2014Panorama.am-ը գրում է․
Երևանի հանրակրթական դպրոցների տնօրենները հյուրընկալվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում՝ ծանոթանալու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թանգարանի գիտական և հատկապես կրթական ծրագրերին, նախաձեռնություններին, որոնց մի մասի անմիջական մասնակիցներն են լինելու Երևանի բոլոր դպրոցները։ Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը հյուրերին նախ տեղեկացրել է, որ ներկայում թանգարանում վերանորոգման, արդիականացման աշխատանքներ են ընթանում, և ընդգծել, որ նորոգվող սրահներից մեկը 2015 թվականի մայիսից ծառայելու է որպես կրթական սրահ, ուր այցելելով դպրոցականները կրթական հատուկ մեթոդով կուսանեն ցեղասպանության թեման։
«Մենք պետք է ուժեղ սերունդ ունենանք. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը զուտ սգալու կամ փաստեր տեսնելու համար չէ։ Ամենակարևորն, ինչ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ու առհասարակ պետք է դպրոցականներին ուսանել՝ 2015-ը ամփոփիչ տարի չէ, այլ մեկնարկի, վերահաշվարկի սկիզբ է։ Թանգարանը բավականին գործուն է լինելու նաև գրահրատարակչական ասպարեզում։ Մեր գիտաշխատողները, աշխատակիցները պատրաստակամ են աջակից լինել ձեր նախաձեռնություններին»,- ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, ապա ներկայացրել իր հեղինակած «Հայկական ազգային խորհրդանշաններ» պատկերազարդ ծավալուն աշխատությունը, որը տպագրվել է «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ։ Հայկ Դեմոյանն ընդգծել է, որ, ինչպես ի սկզբանե նախատեսված էր, գրքի հրատարակված քանակության կեսը նախատեսված է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դպրոցների, ինչպես նաև Սփյուռքի հայկական դպրոցների համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ