13:54 , 10 նոյեմբեր, 2014
Արթուր Բաղդասարյանի վերջին հարցազրույցն ուշագրավ էր մի շարք առումներով, նախևառաջ նրանով, որ փաստորեն նրա լեզուն բավականին լուրջ ձևով մատնեց տիրոջը, մինչդեռ Ա․Բաղդասարյանը փորձում էր հեռուստադիտողին ուրիշ բաներ պատմել։
Այն, որ նա ինքնակամ է հրաժարվել ԱԽՔ պաշտոնից, նրան ոչ մի լրացուցիչ արժեք չի հաղորդում, հակառակը՝ նրան վստահված էր մեր երկրի համար բավականին կարևոր պաշտոն, և մի՞թե նրանից մի քանի տարի պահանջվեց հասկանալու, որ պետք է լքի այդ պաշտոնը և վերադառնա քաղաքականություն։ Բնական է, նա մոռացավ նշել, թե այդ տարիների ընթացքում ինչ գործարաններ և այլ սեփականություն ձեռք բերեց։
Այն, որ իր ղեկավարած կուսակցությունն ԱԺ-ում ներկայացնում են 5 հոգի, հայտնի է, բայց այն, որ նա այդ միտքը ձևակերպում է՝ «Ես ԱԺ-ում ունեմ 5 պատգամավոր», հուշում է, որ գործ ունենք ոչ թե կուսակցության և նրա ղեկավարի, այլ ըստ էության ՍՊԸ-ի և դրա տնօրենի հետ, ով ունի անշարժ և շարժական ինչ-որ սեփականություն։
Բայց ժամանակակից քաղաքականության մեջ կուսակցությունը կամ անհատը էական դերակատարում կարող է ունենալ ոչ թե եթե խելացի է կամ ժողովրդի սրտից է խոսում, այլ եթե ինքը ներկայացվի և մեկնաբանվի որպես այդպիսին։ Այս տեսակետից Ա․Բաղդասարյան քաղաքական գործչի կենսագրությունը վաղուց ավարտվել է, ներկայացումը վերջացել է, պարզապես դերասանը չի ուզում հեռանալ բեմից՝ հույս ունենալով դահլիճ բերել 5-ից բացի ևս մի քանի հոգու։
Իրականում ՕԵԿ-ը կարող էր շատ ավելի մեծ վարկանիշ ունենալ առանց Ա․Բաղդասարյանի, ով երևի մոռացել է, որ ժողովուրդը ոչինչ չի մոռանում։