11:42 , 10 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ. այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Ուղերձում ասվում է. «Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ: ՏԻՄ-երը առանցքային դեր են խաղում մեր երկրի մարզերի, տարածաշրջանների ու համայնքների զարգացման գործում: Անցած տարիների ընթացքում համակարգը կարողացել է հաջողությամբ կայանալ և բավականին հիմնավոր կերտել իր պատմությունը: Տեղական ինքնակառավարումն առաջին քարն է կառավարման բարդ համակարգի հիմքում:
Թե հասարակությունը, թե իշխանությունը շահագրգռված են, որ այդ հիմքը լինի հուսալի, որպեսզի ամուր լինի նաև դրա վրա վստահորեն կառուցվող տունը՝ Հայաստանի Հանրապետությունը: Այն, որ պետությունն ուժեղ է իր համայնքներով, իրականությունից կտրված գաղափար չէ, այլ փորձված ճշմարտություն: Եւ գերտերությունների, և փոքր երկրների կայունությունը հիմնվում է նաև համայնքների զարգացվածության ու կազմակերպվածության վրա, որովհետև տեղական ինքնակառավարումը, որպես պետության կարւորագույն ինստիտուտներից մեկը, քաղաքացիների իրավունքների իրացման, կարևորագույն հարցերին նրանց մասնակցության, նրանց մեջ ինքնակազմակերպում և նախաձեռնողականություն զարգացնելու իրական հնարավորություն է:
Համոզված եմ, որ քաղաքացիական հասարակության կայացման և ժողովրդավարության ամրապնդման համապատկերում տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը մեր պետության կյանքում տարեցտարի ավելի են մեծանալու:
Տեղական ինքնակառավարման մարմինների հարգելի աշխատակիցներ, ևս մեկ անգամ շնորհավորելով Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ՝ մաղթում եմ ձեզ առողջություն, լավատեսություն, բարեկեցություն և հաջողություններ ու նոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն մեր երկրի համայնքների և Հայաստանի Հանրապետության»: